Հարյուր դրամի համար կորցրեց աչքը
Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու անմիջական մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել տոնավաճառի վարձակալներից մեկին: Ծեծի արդյունքում վնասել են աչքը, եւ որպեսզի աղմուկը մեծ չլինի, իրենց զոհին տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ` աչքը վիրահատելու եւ բնական աչքն արհեստականով փոխարինելու:
Հայաստանում մարդկանց մանկապարտեզից ու դպրոցից սովորեցնում են այլընտրանքի բացակայության մտքին: Դպրոցի ղեկավարը պայմանավորվում է բուլկի կամ բլիթ թխող որեւէ արտադրամասի հետ, որ դպրոցի բուֆետում վաճառվի այդ արտադրամասի արտադրանքը, եւ դրա դիմաց որոշակի գումար է ստանում: Արտադրամասի սեփականատերը գումար է վճարում տնօրենին, որ իրեն ազատի այլ արտադրամասերի հետ դպրոցի տարածքում մրցակցելու գլխացավից, քանի որ մենաշնորհի պայմաններում, երբ դպրոցականները զրկված են ընտրությունից, կարելի է վաճառել ամեն տեսակ աղբ, թեկուզ դա վտանգավոր լինի առողջությանը: Ես գիտեմ դեպքեր, երբ դպրոցի տնօրենը հրահանգել է մինչեւ դասերի ավարտը փակ պահել դպրոցի դռները, իբրեւ թե այն պատճառաբանությամբ, որ դպրոցականները դասերից չփախչեն: Բայց դպրոցականները հասկանում են, որ իրենց բանտային պայմաններում պահելու նպատակն այն է, որ իրենց զրկեն դրսից սնունդ գնելու այլընտրանքից: Եթե դա կարելի է անել դպրոցում, որը պետական հաստատություն է, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել մասնավոր հաստատությունում:
Խոշոր գործարար եւ քաղաքական գործիչ Աշոտ Աղաբաբյանը, նույն ինքը՝ Բուռնաշը, օժտված լինելով գործարարին հատուկ պրպտուն մտքով, հնարել է բազմաթիվ միջոցներ ոչնչից փող աշխատելու համար: Ինչպես հայտնի է, նրան է պատկանում «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքի ասֆալտը, որի վրա Աղաբաբյանը տոնավաճառ է կազմակերպում: Նա այդ ասֆալտի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց հսկայական գումարներ է վերցնում վարձակալներից: Մեկ քմ ասֆալտի մեկ ամսվա վարձը 20 հազար դրամ է, այն էլ ոչ թե ամբողջ ամսվա համար, այլ միայն շաբաթ եւ կիրակի օրերին, երբ կազմակերպվում են տոնավաճառները: Դժվար չէ հաշվել, որ եթե վարձակալին տրվում է 10 քմ տարածք, նա դրա համար ամսվա 8 օրերի դիմաց վճարում է 200 հազար դրամ:
Բայց քանի որ Աշոտ Աղաբաբյանին չափազանց շատ փող է պետք ազգանվեր գործունեությամբ զբաղվելու համար, ինչին նա նվիրել է իր կյանքը, նա տարբեր միջոցներ է հորինում իր վարձակալներից հավելյալ գումարներ կորզելու համար: Օրինակ, տոնավաճառի վարձակալներն իրենց մեքենաները կանգնեցնում են տոնավաճառի ավտոկանգառում եւ դրա համար հավելյալ են վճարում: Նրանց արգելվում է իրենց ապրանքները տոնավաճառ բերել սեփական ավտոմեքենաներով, քանի որ դրանով զբաղվում են Աղաբաբյանի «գազելները»: Շուկայում բեռնասայլակ քշողները եւս համալրում են Աղաբաբյանի բյուջեն: Եկամուտների մեջ զգալի դեր ունեն տոնավաճառի տարածքում վաճառվող սննդից ստացվող գումարները: Վարձակալներին կատեգորիկ արգելվում է ինքնուրույն սուրճ պատրաստել, քանի որ շուկայում վաճառվող սուրճը նույնպես Աղաբաբյանի բիզնեսն է: Հենց սուրճի մենաշնորհի վիճարկման փորձի արդյունքում էլ տեղի է ունեցել տոնավաճառի վարձակալի դաժան ծեծը:
Մինչեւ ծեծը, տոնավաճառում մեկ բաժակ սուրճը վաճառվում էր 100 դրամով: Բայց քանի որ առջեւում ընտրություններ են, իսկ ազգի ընտրյալ լինելու համար հավելյալ ծախսեր են պետք, Աղաբաբյանը վճռում է ավելացնել եկամուտները եւ որոշում է կայացնում սուրճը դարձնել 200 դրամ: Ընդհանրապես մենաշնորհը լավ է նրանով, որ կարելի է ցանկացած գին սահմանել: Եթե մեկ քմ-ի համար 20 հազար են վճարում, ինչո՞ւ մեկ բաժակ սուրճի դիմաց չպետք է 200 դրամ տան: Բայց լինում է մեկը, որը որոշում է ըմբոստանալ Աղաբաբյանի սահմանած խաղի կանոնների դեմ, թերեւս չհասկանալով, որ այդ գումարն ուղղվելու է մարզադաշտի վերանորոգմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Նա տնից սրճեփ է բերում եւ հենց շուկայի տարածքում սուրճ եփում, այդպիսով սասանելով Աղաբաբյանի մենաշնորհը: Դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահում Աղաբաբյանին, եւ նա հրահանգում է բոլոր հնարավոր մեթոդներով կանխել մենաշնորհին սպառնացող վտանգը: Կանացի բլուզկաներ վաճառող երիտասարդին հրահանգում են թափել եւ կամավոր ոչնչացնել ապօրինի պայմաններում պատրաստված սուրճը, բայց երբ նա ընդդիմանում է, ուղղակի ոտնատակ են տալիս, հանելով աչքը: Հանելով մեկի աչքը, Աղաբաբյանը վախեցրել է մյուս բոլոր վարձակալների աչքը. հիմա ո՞վ կհամարձակվի ոտնձգություն կատարել նրա մենաշնորհի նկատմամբ: Մի բան էլ. կանացի բլուզներ վաճառողի ըմբոստությունն անհետեւանք չանցավ: Ճիշտ է՝ նրան ծեծեցին եւ աչքն էլ հանեցին, բայց մի բաժակ սուրճի գինը վերադարձրին հին գնին: Պարզ է, որ ազգի ընտրյալի ֆինանսական կորուստը մեծ է, բայց չենք կասկածում, որ պարոն Աղաբաբյանի գործարար տաղանդը նոր հնարավորություններ կստեղծի վարձակալներից հավելյալ գումարներ կորզելու եւ կորցրած հարյուր դրամի փոխարեն հազարն աշխատելու համար:
ՀԳ – Երեկ մենք հեռախոսով կապվեցինք «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ: «Ես տեղյակ չեմ, նման բան չի եղել, ո՞նց կարա»,-արձագանքեց պարոն Աղաբաբյանը: Հետո ասաց, որ մի միջադեպ եղել է ամռանը, երբ խմած մարդիկ «Պեպսի-կոլա» են գողացել: «Մի թեթեւ վեճ է եղել, անցել- գնացել է»,- ասաց՝ Աղաբաբյանը, ավելացնելով, որ տոնավաճառում առեւտուր անողների անվտանգությունն ապահովված է:
Ավետիս Բաբաջանյան

Комментариев нет:
Отправить комментарий