Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

09.02.2012

«Հայկական ժամանակ» 09. 02.2012: Նոր մանրամասներ Հայկի գործից

 «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ ստացավ նոր, անառարկելի ապացույցներ, որ Հայկ Գեւորգյանի հետ կապված միջադեպը սարքվել է ոստիկանների կողմից: ՀՀ մի քաղաքացի, որ առայժմ չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ պատմեց հետեւյալը.

«Մեր տանը բանվորի գործ կար, բաղնիքի եւ զուգարանի արանքի պատը պիտի քանդվեր: Հունվարի 13-ին որդիս գնաց ֆայլաբազարից մարդ բերելու եւ բերել էր էդ Աշոտ Ֆրանգուլյանին: Որ հենց նա է Հայկ Գեւորգյանի գործով տուժողը, մենք իմացել ենք հետո հեռուստացույցից, որովհետեւ միջադեպի օրը նա մեր տանը գործ անելիս է եղել, օրվա առաջին կեսին, հետո անհետացել է: Առավոտյան եկավ գործ արեց մի քիչ, ու մեկ էլ դուրս եկավ, ասելով, թե` հեսա կգամ:
Հետեւից դուրս եկա, տեսնեմ` ուր ա. մոտակա պադյեզդում ինչ-որ մարդկանց հետ խոսում էր: Այդ խոսակցությունից հետո եկավ, շարունակեց գործ անել: Հետո ես գնացի շուկա, վերադարձա, տեսնեմ` չկա: Տղայիս հարցրի` բա ու՞ր ա մեր բանվորը: Նա էլ, թե` ինչ-որ մարդիկ եկան կանչեցին, ոնց որ ոստիկաններ էին, հետները գնաց: Էդ գնալն էր, ինչ գնաց, ընդ որում` մեր գործը կիսատ թողնելով: Ամենատարօրինակն այն էր, որ մեր տանն էր թողել վերարկուն, հեռախոսը, ծխախոտը, վառիչը. էս ամենը  թողել ու անհետացել էր: Տղաս այս իրավիճակի վրա ահավոր նյարդայնացել էր, որովհետեւ կոնկրետ գործ էին պայմանավորվել, բայց Աշոտ Ֆրանգուլյանը կիսատ թողեց` անհետացավ: Անհետացավ-անհետացավ. տղաս ուրիշ մարդ բերեց այդ գործերը արեց այդ մարդը, չնայած Աշոտի հեռանալու պատճառով մեր գործը երկու օր պռավալ գնաց: Բայց ես անհանգիստ էի, ասում էի` էդ Աշոտը շորերը թողել է մեր տանը, անհետացել, մեզ մի պատմության մեջ չգցի, մի փորձանքի եկած չլինի: Էդ իրա վեշերն էլ չգիտեմ ինչ անեմ, ուր դնեմ: Մեկ մտածեցինք` իրա հեռախոսի մեջ եղած մի համարով զանգենք, մեկ էլ ասեցինք` գործ չունենք:
Էսպես տարօրինակ վիճակ էր, վեց օր չկար էդ Աշոտ Ֆրանգուլյանը: Վեց օր հետո  հայտնվեց: Երեկոյան կողմ էր` կնոջ հետ եկավ: Հենց եկավ, հարձակվեցի վրան. ասացի` տո աննամուս, սենց բան ե՞ն անում, գործը կիսատ թողել ես գնացել: Ասաց` խնդրում եմ, մի ջղայնացի էլի, դեպք է պատահել: Սկզբից ասաց` հարեւանի տանը գողություն էին արել, ինձ կասկածեցին, հետո էլ ասաց, թե ինձ ավտոյի տակ են գցել: Զարմացա, ասի` էդ ո՞նց են ավտոյի տակ գցել, որ տենց ման ես գալիս: Ոչ ձեռնափայտ ուներ, ոչ հենակներ: (…) իրերը հավաքեց, գնաց»:
Ահա այս շատ հետաքրքիր պատմությունը պատմեց խմբագրություն այցելած քաղաքացին: Մենք, ի դեպ, նրան հարցրել ենք` կարո՞ղ ենք արդյոք իր հայտնած տեղեկությունները օգտագործել լրատվական նպատակներով, այսինքն` հրապարակել,եւ նա տվել է  համաձայնություն: Ասենք նաեւ, որ Կենտրոնի ոստիկանության մի նախկին աշխատակից մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ճանաչում է Աշոտ Ֆրանգուլյանին, քանի որ տարիներ առաջ նրան տեսել է ոստիկանության Կենտրոնի բաժնում բանվորություն անելիս:
Երբ այս փաստերը համադրում ենք, ստացվում է ահա, հետեւյալ պատկերը. հունվարի 13-ին ինչ-որ մարդիկ մեզ տեղեկություն տրամադրած քաղաքացու տնից շտապ տարել են Աշոտ Ֆրանգուլյանին, դրանից որոշ ժամանակ առաջ նրա հետ նախնական զրույց ունենալուց հետո: Տեղահանությունն, ընդ որում, այնքան շտապ է եղել, որ Ֆրանգուլյանը ուրիշի տանն է թողել իր վերարկուն, բջջային հեռախոսը, ծխախոտն ու վառիչը:
77Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 13-ի առավոտյան աշխատանքի գալիս Հայկ Գեւորգյանի ավտոմեքենան կանգնեցրել է պետավտ
ոտեսուչը: Այդ մասին հրապարակում կա «ՀԺ»-ի հունվարի 14-ի համարում` «Եթե ԱՊՊԱ, ապա պապա» վերնագրով: Հայկ Գեւորգյանը պնդում է, ի դեպ, որ հունվարի 13-ի ողջ օրվա ընթացքում պետավտոտեսչության մեքենա է իր մեքենայի ետեւից շրջել: Ենթադրում ենք, պատրաստվող «միջադեպը» տեսանկարահանելու համար: Աշոտ Ֆրանգուլյանին մեզ տեղեկություններ տրամադրած անձի տնից տարել են կեսօրին մոտ, նշանակում է` ողջ օրվա ընթացքում այդպես էլ չեն կարողացել վրաերթը բեմադրել, թերեւս, այն պատճառով, որ Հայկ Գեւորգյանը իսկապես «քթի մազ» վարորդ է: Եւ ահա, հուսահատված վիճակում, որոշել են միջադեպը սարքելու փորձ անել էկոնոմիկայի նախարարության դիմաց, Հայկի մեքենան կայանատեղիից դուրս բերելու ժամանակ: Բայց քանի որ Հայկը չափից ավելի «քթի մազ» վարորդ է, չեն կարողացել այնպես անել, որ նրա մեքենան գոնե դիպչի Աշոտ Ֆրանգուլյանին. վերջինիս սուտի «վայ-վայ-վայ»-ն են սարքել ու վերեւներին զեկուցել, թե օպերացիան իրագործված է: Մնացածը արդեն գիտեք: Եւ կարելի է ասել, որ մեզ ըստ էության հաջողվել է գրեթե 100 տոկոսով վերականգնել հունվարի 13-ին տեղի ունեցած «Աշոտ Ֆրանգուլյան» օպերացիայի մանրամասները: Այսքանից հետո չենք կարող բավարարվել արձանագրմամբ, որ Հայկ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Սա արդեն ակնհայտ է, եւ որեւէ կասկած դրանում չի կարող լինել:
Խնդիրը հիմա շատ ավելի ընդգրկուն է. Հայկ Գեւորգյանի պաշտպան, հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում շատ կարեւոր հայտարարություն է արել: Նա ասել է, որ շինծու մեղադրանքների հիման վրա հունվարի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը Հայկ Գեւորգյանին կալանավորելու սանկցիա է տվել: Սա նշանակում է` ինչ-որ մարդիկ դատարանին կեղծ տեղեկատվություն են տվել ինչպես տեղի ունեցած միջադեպի  բնույթի, այնպես էլ` Հայկ Գեւորգյանի տեղը անհայտ լինելու եւ նրա` իբր քննությունից թաքնվելու մասին: Ահա, ուրեմն` հիմա պետք է առաջ գա այս ողջ կեղծիքը սարքած մարդկանց պատասխանատվության հարցը: Ընդ որում, նման սարքոցին, ոնց գցում բռնում ենք, չի կարող վերաբերել կարգապահական պատասխանատվության ոլորտին: Այստեղ խոսք է լինելու քրեական պատասխանատվության մասին: Պոտենցիալ մեղադրյալները ոստիկանության օպերատիվ աշխատակիցներ են, գործով քննիչ Ասատուրյանն է: Նրանց ղեկավարներն են, ղեկավարների ղեկավարները:
Էս պատմության տակ շատ լուրջ քրեական գործ է թաքնված, սա կոռուպցիայի, չարաշահման դասական օրինակ է, աղաղակող:
Բայց չբավարարվենք միայն ոստիկաններով. Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը դեռ պետք է պարզաբանի, թե այդ ինչպես է իր հիվանդանոցի բարձրաստիճան բժիշկը բացատրում, որ կոտրվածք ստացած մարդը դեպքից վեց օր հետո թռվռում էր: Եւ այդ ինչպես է, որ թռվռալուց հետո (ի դեպ, սրա հետ կապված այլ տեղեկություններ էլ ունենք, բայց առայժմ չենք հրապարակի), մեկ շաբաթ հետո կրկին հայտնվում ոստիկանական տեսախցիկների առաջ, որպես անկողնային, դեռեւս չապաքինված հիվանդ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է տրվեն, ընդ որում, մեր համոզմամբ, քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված ընթացակարգով:
Հ.Գ. Երեկ ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի` police.am կայքում տեղադրված կենսագրությունը, տարօրինակ փաստ ենք արձանագրել: Նրա կենսագրությունից ըստ էության դուրս է թողնված 1989-1997թթ. ժամանակահատվածը: Կենսագրության մեջ նշված է, որ Գասպարյանը 1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը, հետո նշված է, որ 1997-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ: Այսինքն, 1990-96թթ. գործունեությունը նրա կենսագրության մեջ լղոզված է, այդ հատվածն ուղղակի բաց է թողնված: Մինչդեռ հայտնի է, որ այս տարիներին նա եղել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ապա զինվորական դատախազի տեղակալ: Թե ինչու է Գասպարյանն այսպես վարվել իր կենսագրության հետ, իսկապես դժվար է ասել: Չի բացառվում` այն պատճառով, որ այդ տարիներին իր աշխատած գերատեսչություններում ոչ թե 1-ին, այլ ընդամենը 2-րդ դեմք է եղել: Չնայած փաստը, որ 2011-ին նշանակվել է ՊՆ փոխնախարար նրա պաշտոնական կենսագրության մեջ գրված է, երեւի միայն այն պատճառով, որ դա դեռ թարմ է մարդկանց հիշողության մեջ: Այդ կենսագրությունից իմանում ենք նաեւ, որ Գասպարյանը ծնվել է Էստոնիայի Տալլին քաղաքում : 

Комментариев нет: