Վոկալ-գործիքային անսամբլ
Անկախ իրենցից` որպես գործիք են ծառայում
Իշխանական համակարգը լավ է նախապատրաստվել առաջիկա ընտրություններին։ Լավ է նախապատրաստվել ոչ թե ռեսուրսների համախմբման կամ շտաբների ձեւավորման, այլ Հայաստանում «բարենպաստ մթնոլորտի» ստեղծման առումով։
Խոսենք կոնկրետ օրինակներով։ Ասենք` շատից-քչից հայտնի հեռուստասերիալներից մեկը մի քանի թողարկում է նվիրում ընտրությունների թեմային, հիմնական իմաստն էլ այն է, որ ով ասես` կուսակցություն է ստեղծում եւ թեկնածություն առաջադրում, բայց «սաղ սուտ ա», որովհետեւ վերջում, միեւնույն է, բոլորը ծախվում են։ Կամ, ասենք, շատից-քչից հայտնի դերասանն ի լուր աշխարհի հայտարարում է, թե ինքը բոյկոտում է քաղաքականությունը, եւ ընդհանրապես` «արվեստագետը պիտի չեզոք մնա» ու իր գործով զբաղվի։ Որոշ ժամանակ առաջ էլ, եթե հիշում եք, շատից-քչից հայտնի մի բանաստեղծուհի երիտասարդությանը կոչ էր անում քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն սեքսով զբաղվել։ Կամ, ասենք, շատից-քչից հայտնի նախկին քաղբանտարկյալներից մեկը Եվրոպական դատարանից ետ է վերցնում իր դիմումը ու հայտարարում, թե այլեւս չի ցանկանում գործիք լինել քաղաքական կոնկրետ ուժի ձեռքում։
Եվ իսկույն էլ հենց այդ հայտարարության շնորհիվ դառնում է գործիք մեկ այլ ուժի ձեռքում, որն էլ սկսում է ակտիվորեն օգտագործել այդ գործիքը։ Այստեղ էլ է ենթատեքստը հասկանալի. իբր` «ոչ մեկդ էլ մի բարի պտուղ չեք, իրար արժեք»։ Մի խոսքով` տարբեր մարդիկ, իրարից անկախ, հնարավոր բոլոր միջոցներով նույն գաղափարն են քարոզում` «քաղաքականությունը վատ բան ա, բոլոր քաղաքական գործիչները սրիկաներ են, պետք չի խառնվել էդ կեղտոտ բաներին, որովհետեւ մեկ ա` բոլորը խաբում են»։
Հիմա այս անուղղակի (գուցեեւ չգիտակցված) քարոզչությունը մի կողմ թողնենք եւ անդրադառնանք նախընտրական իրավիճակին։ Բոլորն էլ հասկանում են, որ ընտրությունն ինքնին մի հաճելի բան չէ, որովհետեւ մարդիկ ամենաշատը սուտ են խոսում պատերազմից առաջ, ընտրությունների ժամանակ եւ որսից հետո։ Բայց խնդիրն այն է, որ ընտրությունների անցկացումը իշխանությունների ձեւավորման միակ ձեւն է, ուրիշ ձեւ պարզապես չկա։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչությանը (որն, ի դեպ, իրականում վաղուց է սկսվել), ապա այստեղ բոլոր կուսակցությունների ասելիքը մոտավորապես նույնն է. «եկեք եւ ձայն տվեք մեր կուսակցությանը, որովհետեւ միայն մեր կուսակցությունն է ի վիճակի երջանկացնել ձեզ»։ Բոլորը մոտավորապես նույն բանն են ասում, բացի ՀՀԿ-ից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրանք «էստի համեցեք» կանչելու կարիք չունեն։ Ենթադրենք` քաղաքացի Պողոսը գնացել է ընտրատեղամաս եւ իր ձայնը տվել ՀՀԿ-ին, իսկ քաղաքացի Պետրոսը չի մասնակցել ընտրություններին եւ գերադասել է բակում նարդի խաղալ։ ՀՀԿ-ի համար այդ երկու քաղաքացիների միջեւ բացարձակապես որեւէ տարբերություն չկա, որովհետեւ երկուսի ձայներն էլ այսպես թե այնպես ՀՀԿ-ի օգտին են գրանցվելու։ ՀՀԿ-ի ձեռքը ճար լիներ` ընդհանրապես բոլորին կոչ կաներ այդ օրը տնից դուրս չգալ եւ «բոյկոտել ընտրությունները», որովհետեւ եթե քաղաքական մյուս ուժերն իրենց հույսը դրել են քվեարկության գնացողների վրա, ապա ՀՀԿ-ն իր հույսը դրել է ընտրություններին չմասնակցողների՛ վրա։
Այլ կերպ ասած` ՀՀԿ-ն միակ ուժն է, որի գերխնդիրը հասարակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահություն, արհամարհանք եւ նույնիսկ զզվանք առաջացնելն է։ Բա իհարկե. թող ծաղրեն, թող ընտրությունների վրա «կայֆեր բռնեն», թող քաղաքական գործիչներին «զուգարանի թուղթ» անվանեն, միայն թե` չմասնակցեն ընտրություններին։ Տարիներ շարունակ հենց սա էլ արվել է Հայաստանում, եւ արդյունքում լավ էլ համապատասխան մթնոլորտ է ձեւավորվել։ Ու հիմա տեսեք, թե ոնց են «մտավորականնները», իրենք իրենց համարձակ կեցվածքով հիացած, քաղաքական դաշտը անվանում համատարած աղբանոց, եւ ինչպես են սովորաբար երկչոտ հեռուստաընկերությունները «քաջաբար» եթեր հեռարձակում այդ ամենը։
Սա քաղաքական կողմնորոշման խնդիր չէ։ Գուցե իսկապես այդ խավը քաղաքական դաշտում որեւէ արժանի ուժ չի տեսնում։ Լավ, բայց այդ դեպքում էլ պիտի ոչ թե քաղաքականությունը բոյկոտելու կոչ անեն, այլ ասեն` «գնացեք ում ուզում եք` ընտրեք, բայց անպայման գնացեք, տո թեկուզ ոչ մեկին էլ մի ընտրեք, խզբզեք այդ քվեաթերթիկների վրա, որպեսզի չկարողանան օգտագործել»։ Դե թող որեւէ «համարձակ» մտավորական հեռուստաեթերից նման բան ասի, տեսնենք կհամարձակվե՞ն եթեր հեռարձակել։ Թե՞ համարձակությունը հերիքում է միայն այն կոչերի համար, որոնք անուղղակիորեն ձեռնտու են միայն ՀՀԿ-ին։
Մի խոսքով` նախընտրական քարոզչության «մարտավարական զինանոցները» կարծես թե հստակ են։ Բայց հաստատ չարժե, որ արժանի մարդիկ, իրենց կամքից անկախ, գործիք դառնան այդ քարոզչության իրականացման ճանապարհին։
Մարկ Նշանյան - 21.01.2012
Комментариев нет:
Отправить комментарий