Ռոբերտ Քոչարյանի օրոք մոդայիկ էր «գույք պարտքի դիմաց» սխեման եւ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների վաճառքը (կոնյակի գործարան, օդանավակայան, բաշխիչ ցանցեր, երկաթուղի, էներգետիկ համակարգ եւ այլն), իսկ Սերժ Սարգսյանի օրոք մոդայիկ է դարձել ընդերքի թալանը։ Գաղափարը շատ պարզ է. հնարավորինս արագ շահագործել հնարավոր բոլոր հանքավայրերը` ցանկացած գնով։ Եվ որեւէ նշանակություն չպիտի ունենա` դրա համար անտառներ են հատվում ու գյուղե՞ր տեղահանվում, թե ոչ։ Բայց, որքան էլ տարօրինակ է, համատարած այս թալանի դեմ պայքարում են միայն փոքրաթիվ բնապահպանական կազմակերպությունները։ Մինչդեռ խոսքը միայն բնապահպանության մասին չէ. ավելին` բնապահպանությունն այս դեպքում նույնիսկ ամենակարեւոր հարցը չէ։
Տեսեք, թե ինչ է ստացվում։ Ցանկացած «բիզնես», այդ թվում` մի ամբողջ երկրի թալանը, պիտի ուղեկցվի համապատասխան քարոզչական (գովազդային) արշավով։ Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի իշխանությունը պիտի կարողանա ապացուցել երկու բան. 1. որ Հայաստանի էկոլոգիական վիճակն իրականում այնքան վատ չէ, որքան ներկայացվում է, 2. Հայաստանն այս պահին այնքան ծանր վիճակում է, որ ստիպված է ցանկացած գնով շահագործել ընդերքի հարստությունները, բայց դա արվում է ի նպաստ պետության եւ ժողովրդի։ Երկու ուղղությամբ էլ իշխանությունները լավ աշխատում են։ «Հայանտառի» գլխավոր մասնագետն, օրինակ, հայտարարում է, որ Հայաստանի տարածքի 12 տոկոսն անտառապատ է, եւ տեղեկացնում է, որ մեր երկրում անտառները կազմում են 332,3 հազար հեկտար։ Կարծես այնքան էլ ահավոր չէ։ Բայց վերցնում ենք սովորական կալկուլյատորը... եւ պարզվում է, որ իրականում այդ թիվը ՀՀ տարածքի 11 տոկոսն է։ Ավելին. 11 տոկոս են կազմում ոչ թե անտառները, այլ անտառներն ու թփուտները միասին (իրականում անտառներն ավելի քիչ են)։ Այսինքն` պետական պաշտոնյան գիտակցաբար իրավիճակը ներկայացնում է ավելի լավ, քան կա իրականում։
Կամ, ասենք, Քաջարանի կոմբինատի տնօրենն ինքն իրենից գոհ հարցազրույց է տալիս լրատվամիջոցներից մեկին ու մուննաթ գալիս, թե բա աշխարհի մոլիբդենի պաշարների 7-8 տոկոսը էս սարի տակ ա, հիմա ի՞նչ անենք, չշահագործե՞նք։ Ճի՛շտ է ասում։ Եթե Հայաստանի ընդերքում այդպիսի վիթխարի հարստություններ կան` պիտի ինչ-որ բան էլ զոհաբերել եւ շահագործել։ Բայց հարց է ծագում` դրանից Հայաստանին ի՞նչ օգուտ։ Ենթադրենք` ինչ-որ շահույթ ստացան, այդ շահույթի մի մասը հարկերի ձեւով վճարեցին պետությանը, բայց չէ՞ որ մեր ընդերքի հարստության առյուծի բաժինն այսպես թե այնպես դուրս է գալիս երկրից, ու պետությանը (այսինքն` ժողովրդին) «թուլափայ» է մնում։
Լավ, հասկացանք. Հայաստանը փաստացի պատերազմական իրավիճակում է, շրջափակման մեջ է, դուք էլ այնքան ապաշնորհ եք, որ ուրիշ ձեւ չեք գտնում եւ երկրի ընդերքն եք վաճառում։ Բայց մեկը չկա՞ հարցնի` ա՛յ «գյոռմամիշներ», բա այդ դեպքում ինչո՞ւ այդ հարստությունը չեք ծառայեցնում, ասենք, բանակի հզորացմանը կամ սահմանամերձ բնակավայրերին։ Բացի այդ էլ` որեւէ երաշխիք կա՞, որ, ասենք, 30-40 տարի հետո ղարաբաղյան հարցը կարգավորված է լինելու, Թուրքիայի հետ բարեկամ ենք լինելու, եւ պրոբլեմ չենք ունենալու։ Բա եթե չկա` ինչո՞ւ եք ամեն ինչ լափում հենց այս պահին, եւ մեծ արագությամբ։ Ոչ մի տանտեր այդպես չի վարվում։ Այդպես վարվում են բնակարանային գողերը, որովհետեւ գիտեն, որ առավելագույնը մի կես ժամով են մտել, ու ինչ հասցնեն` պիտի գողանան կամ գոնե փչացնեն։
Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ սա միայն էկոլոգիական խնդիր չէ։ Որովհետեւ պրոբլեմը, վերջին հաշվով, այն չէ, որ Հայաստանում անտառը ոչնչացվում է կամ գետերն աղտոտվում են։ Պրոբլեմն այն է, որ Հայաստանում ձեւավորվում է կայուն համակարգ, որը թույլ է տալիս, ասենք, Սեւանա լճի քաղցրահամ ջուրը վաճառել Իրանին (տեխնիկապես դա միանգամայն հնարավոր է), այսինքն` Հայաստանում իրականացվում է մի գործընթաց, որի արդյունքում երկիրը դառնալու է բնակության համար ոչ պիտանի։ Իսկ սա արդեն քաղաքական խնդիր է, որովհետեւ աշխարհի ֆիզիկական քարտեզից Հայաստանը չի ջնջվելու (որպես տարածք), Հայաստանն աշխարհի քաղաքակա՛ն քարտեզից է ջնջվելու։
Ու հասկանալի չէ, թե ինչո՞ւ պիտի այս ամենի դեմ պայքարեն միայն բնապահպանական կազմակերպությունները։ Եվ ընդհանրապես` ինչո՞ւ պիտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարեն միայն անփորձ ու եռանդուն ջահելները, ովքեր երեւի կարգին չեն էլ հասկանում, թե հանուն ինչի են պայքարում։
Գրիգոր Ոսկանյան - 20.01.2012


Комментариев нет:
Отправить комментарий