Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.01.2012

Գնաս բարով, անհաջողություն


Ետամանորի բարեմաղթանք

«Երբ Տաճատը 21 տարեկան դարձավ, նա ամուսնացավ մի գեշ, կապիկի դեմքով աղջկա հետ: Երբ Տաճատը դարձավ 30 տարեկան, նա աշխատեց աղբ հավաքող: Նա ամեն ամիս աշխատում էր ընդամենը 100 դրամ: Բայց երբ Տաճատը դարձավ 50 տարեկան, նա ունեցավ իր կնոջ նման երեք աղջիկ: Երբ Տաճատը դարձավ 80 տարեկան, նա մահացավ»:



Սա դպրոցական շարադրություն է, մեջբերել եմ առանց խմբագրական եւ սրբագրական միջամտության: Ուսուցչի հանձնարարությամբ գրել է ինը տարեկան մի հրազդանցի երեխա, անունը` Ռուբեն: Ուսուցիչն ասել է` երեխաներ, այսօր շարադրություն պետք է գրեք «Մնաս բարով, անհաջողություն» վերնագրով: Երեխաներն էլ գրել են: Ով ինչ է գրել` չգիտեմ, ով ինչ է ստացել` չգիտեմ, բայց Ռուբենը գրել է Տաճատի մասին այս պատմությունը եւ… «մեկ» է ստացել: Բայց իմ նպատակն այդ ուսուցչին անարգանքի սյանը գամելը չի այս շարադրությանը «մեկ» նշանակելու համար: Եթե սա Դանիիլ Խարմսը գրած լիներ, նրա երկրպագուները, որոնցից մեկն էլ ես եմ, առնվազն կդնեինք Ֆեյսբուքում, որ մեր ընկերները «լայք» տային, ու չեք կասկածում, չէ՞, որ լիքը «լայք» տվողներ ու հրազդանցի իննամյա Ռուբենին առնվազն ոչ սովորական ապագա կանխագուշակողներ կգտնվեին:
Սակայն ուսուցչին դատափետելու մտադրություն չունեմ, որովհետեւ վստահ եմ, որ հայաստանյան ուսուցչական բանակի 99 տոկոսը «մեկ» կնշանակեր այս երեխային հենց միայն այն պատճառով, որ շարադրությունը չի սկսել այսպես. «Անհաջողությու՜ն… որքա՜ն դառը եւ որքան դաժան ես դու…»: Եվ այլն: Մոտավորապես նման մի բան ու անպայման բազմակետերով ու երկարացման նշաններով համեմված: Որքան շատ բազմակետ ու որքան շատ երկարացման նշան, այնքան ավելի` բարձր գնահատական: Այսպես եղել է սովետի տարիներին, այսպես շարունակվում է անկախության տարիներին: Ով որքան փոխվեց, ինչն ինչքան փոխվեց, պետական դպրոցը մնաց նույնը, մի բան էլ` ավելի վատացավ. ոչ միայն ուսուցիչների գրական ճաշակը չբարելավվեց, այլեւ մեր թանկագին ուսուցչությունը վարպետացավ ընտրակեղծիքների «պետականաշինիչ» գործում ու գրեթե մոռացավ իր իրական առաքելության մասին: Այնպես որ, մոռանանք ուսուցիչներին եւ դառնանք մեր Ռուբենին ու իր պատմության հերոս անբախտ Տաճատին:
Տեսնես` իր հարազատների միջավայրում Ռուբենը քանի անգամ լսած կլինի «մեռնեմ-պրծնեմ» արտահայտությունը: Չեմ ճանաչում այս երեխայի ծնողներին, բայց գրեթե համոզված եմ` շատ: Շատ-շատ: Թե չէ ինչու՞ պետք է Ռուբենն իր հերոս Տաճատի գորշ ու անդեմ կյանքի միակ ելքը նրա մահը տեսներ: Ի վերջո, եթե Տաճատը չէր սիրում իր «գեշ, կապիկի դեմքով» կնոջը, կարող էր չամուսնանալ նրա հետ, եթե սխալվել` ամուսնացել էր, կարող էր իր սխալն ուղղել ու բաժանվել: Մանավանդ որ, ըստ Ռուբենի, Տաճատն ամուսնացել է 21 տարեկանում, երեխաներ ունեցել` 50 տարեկանում: Հայ ընտանիքում կնոջ չբերությունից էլ ծանրակշիռ պատճա՞ռ ապահարզան պահանջելու համար: Կամ` կարող էր, չէ՞, 100 դրամը շպրտել իրեն աղբ հավաքելու ուղարկող անամոթ գործատուի դեմքին ու գնալ գոնե 10 հազար դրամ վճարող գործատուի մոտ: Չէ, Ռուբենի հերոս Տաճատը սուսուփուս կրել է իր «ճիտին պարտքը», երեւի օրական մի քանի անգամ էլ ասել է` մեռնեմ-պրծնեմ, մինչեւ որ մի օր մեռել-պրծել է` անհաջողությանը «մնաս բարով» ասելով: Տնաշենը գոնե հետը տաներ: Չէ, ինքը մեռել-պրծել է, իր մշտական ուղեկից անհաջողությունն էլ կտակել է մեզ, որ մենք էլ «վայելենք», հետո էլ կտակենք մեր երեխաներին:
Դատելով մեր իրականությունից, մեր երկրում թագավորող բեսպրեդելի չափերից, «գեշ» մարդկանց տիրապետությանը անմռունչ դիմացողների առատությունից, «կապկություն» անող բռնապետիկներին գրողի ծոցն ուղարկելու հրապարակավ ցանկություն հայտնողների սակավությունից, Հայաստանում այսօր Ռուբենի շարադրության հերոս Տաճատի նմանները, անհաջողությունից ազատվելու միակ ելքը «փրկարար» մահվան գալստյամբ պայմանավորողները շատ-շատ են: Ու հեչ զարմանալի չէ, որ իննամյա Ռուբենի հերոսն այսքան անճարակ ու այսքան խղճալի է: Ինչ տեսել է Ռուբենը իր շրջապատում, դա էլ գրել է: Ու «մեկ» է ստացել, որովհետեւ Հայաստանում չի քաջալերվում տեսածի ու զգացածի մասին առանց կեղծիքի արտահայտվելու ունակությունը:
Տարին նոր է սկսվում. գուցե չկրկնե՞նք Ռուբենի ուսուցչի, Ռուբենի հարազատների ու Ռուբենի շարադրության հերոս Տաճատի սխալը ու ոչ թե ասենք` մնաս բարով, անհաջողություն, այլ` գնաս բարո՞վ, անհաջողություն: Գուցե դադարենք ասել` մեռնեմ-պրծնեմ… Գուցե հիշե՞նք, որ մարդը այս աշխարհ է եկել արժանապատիվ ապրելու համար, ոչ թե`մեռնել-պրծնելու: Եվ եթե կապկանման արարածները ոտնատակ են տալիս մեր արժանապատիվ ապրելու իրավունքը, գուցե արժանի հակահարվա՞ծ տանք ու վաստակե՞նք մեզնից խլված իրավունքը:
Հը՞, Ռուբեն ջան:

Լիզա Ճաղարյան

1 комментарий:

HH комментирует...

Ու «մեկ» է ստացել, որովհետեւ Հայաստանում չի քաջալերվում տեսածի ու զգացածի մասին առանց կեղծիքի արտահայտվելու ունակությունը: