Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

18.02.2014

Խմբագրական. Ո՞րն է ավելի վիրավորական Սերժ Սարգսյանի համար

Սերժ Սարգսյանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքները համատարած են ու բազմաբնույթ։ Դա անգամ ինքն է խոստովանում` ասելով, թե բոլորը «ցեխ են շպրտում» իր վրա։ Մեղմացնում է։ Դա ցեխ շպրտել չէ (մաքուր բանն է կեղտոտվում)։
Դրանք նվազագույնը` քննադատություններ են, ավելի հաճախ՝ մեղադրանքներ, այդ թվում նաև` մեղադրանքներ ծանր հանցագործությունների համար։ Ընդ որում՝ այդ ամենի տակ փաստեր են դրված, անժխտելի ու անհերքելի փաստեր։
Օրինակ՝ Մարտի 1-ի ոճրագործության պարտակումը, օրինակ՝ ընտրությունների կեղծումը և իշխանության բռնազավթումը, օրինակ՝ բանակում սպանությունները և «ինքնասպանությունները», օրինակ՝ աղքատության տոկոսի կրկնապատկումը, օրինակ՝ արտագաղթի բազմապատկված տեմպերը, օրինակ՝ գազի և էլեկտրաէներգիայի գների առեղծվածային բարձրացումները, օրինակ՝ «կուտակային» գրպանահատությունը, օրինակ՝ սեփական «փիառը» խիստ կասկածելի աղբյուրներից ֆինանսավորելը, օրինակ՝ Ցեղասպանության ուրացումը, օրինակ՝ Որոտանի կասկադի անհասկանալի վաճառքը, օրինակ՝ իր և ընտանիքի անդամների ռեկորդային տեմպերով օլիգարխացումը, օրինակ՝ օֆշորային մեքենայությունները, գյուղերի դատարկումը, մանր, միջին ու նաև մեծ գործարարության ճզմումը...

Թվարկումը կարող է շարունակել ընթերցողը։

Այս ամենի տերը, բնականաբար, պիտի մտածի, թե ինչ կլինի, եթե կորցնի իշխանությունը։ Ինչ կլինի, եթե իշխանությունը կորցնելուց հետո անգամ վերը թվարկվածի կեսը, կեսի կեսը դրվի սեղանին ու նրանից պատասխանատվություն պահանջվի։ Պատասխան պահանջելու իրավունքը, հասկանալի է, ժողովրդինն է, որը, համաձայն սահմանադրության, դա կարող է անել անմիջապես կամ իր կողմից ընտրված օրինակարգ իշխանությունների ու մարմինների միջոցով։ Խոստովանենք՝ դաժան հեռանկար է։ 

Ընթացքում, երբ հանցանքների ցանկը դեռ այդքան երկար չէր, Ս. Սարգսյանին առաջարկվել է բանական քաղաքական լուծումների ո՛չ մեկ տարբերակ, որոնք ժամանակին ընդունելու դեպքում թե՛ երկիրը դուրս կբերվեր գահավեժ ընթացքից, թե՛ կկանխվեր անձամբ իր մղձավանջային ապագայի հեռանկարը։ Նա չընդունեց այդ տարբերակները։ Չընդունեց իր իրավական ոչ օրինակարգությունը` սահմանադրությանն ու օրենքներին հետևելու, կոռուպցիոն համակարգը կազմաքանդելու, ժողովրդի շահերից բխող քաղաքականություն վարելու միջոցով քաղաքական օրինակարգությամբ մեղմացնելու տարբերակը։ Նա չընդունեց նաև արժանապատիվ ձևով հրաժարական տալու և օրինական ընտրություններով սահմանադրական կարգը վերականգնելու տարբերակը։ Եւ գնաց երրորդ տարբերակով, այն է՝ պատասխան պահանջելու իրավունք ունեցողին՝ ժողովրդին կենաց ու մահու մարտահրավեր նետելու ճանապարհով՝ վերջինիս դիտելով որպես իր թիվ 1 հակառակորդը։ Բանականությունը չկորցրած մարդուն «կա՛մ, կա՛մ»-ի այս տարբերակով այլ բան չէր մնում, քան «հակառակորդի» դեմ կռիվ տալ որպես մահապարտ՝ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Սա նորություն չէ, այս բանն արդեն արձանագրել են շատերը։

Բայց միայնակ դժվար էր մարտահրավեր նետել մի ամբողջ ժողովրդի, ուստիև Ս. Սարգսյանը պիտի մտածեր մահապարտների թիմ ստեղծելու մասին։ Այսինքն՝ որքան հնարավոր է շատերին ստիպեր, դրդեր, գայթակղեր «անցնել Ռուբիկոնը»՝ կատարել գործողություններ և արարքներ, որոնցից հետո նրանք` ինչպես ինքը, չկարողանային պատկերացնել իրենց կյանքն ու ապագան այլ հասարակության մեջ, այլ իշխանության պայմաններում՝ լինի օրենքի առջև կանգնելու, թե պարզապես առանց թուքումուրի բակ իջնելու կամ փողոցով քայլելու հարցում։ Սա էլ Սերժի գյուտը չէ, հենց այդպես են վարվել ինչպես օտար նվաճողները (պատմության ընթացքում), այնպես էլ` սեփական ժողովրդի վրա իրենց ապօրինի իշխանությունը պարտադրած բռնապետերը։

Չծանրաբեռնենք ընթերցողին այն մարդկանց ցուցակով, ովքեր ինչ-որ պահի, ահա, անցել են իրենց «Ռուբիկոնը» և արդեն իսկ համընդհանուր արգահատանքի առարկա են։ Նման ցուցակ կարող է կազմել ամեն ոք։ Այս կոնտեքստում անդրադառնանք միայն վերջին մի իրադարձության, որը լայն քննարկման առարկա դարձավ մամուլում։ Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի հանրահավաքն իրազեկող Կոնգրեսի ակտիվիստների և երիտՀՀԿականների «քաշքշուկին»։ 

Այս դեպքը մամուլի և ակտիվ հասարակության անվերապահ քննադատությանն է արժանացել մեկ դիտանկյունից. Կոնգրեսի ակտիվիստներն իրենց գործողությամբ դուրս չեն եկել օրենքի շրջանակներից, նրանց խոչընդոտողները դա արել են օրենքի բացահայտ խախտմամբ, առանց դրա իրավունքն ունենալու։ Ավելին՝ երիտՀՀԿականների «շեֆերն» էլ հայտարարել են, թե իրենց կուսակիցները ճիշտ են արել, և սպառնացել են, թե «ավելի խիստ» պետք է վարվել։ Դատապարտվել են նաև սրանց հետ համագործակցած ոստիկանության գործողությունները։ Այնպես որ՝ այս թեմայի վրա չենք ծանրանա։ 

Հիմա այս ամենին նայենք երկրորդ դիտանկյունից։

 Օրինազանցները, ինչպես պարզվեց, Ագրարային համալսարանի ՀՀԿացված ուսխորհրդի անդամներ են, այսինքն՝ նույնպես երիտասարդներ։ Ահա, այս երիտասարդներին Ս. Սարգսյանը մղում է գործողությունների ու քայլերի, որոնցից հետո նրանք կդժվարանան պատկերացնել իրենց կյանքն ու միջավայրն այլ իշխանության պայմաններում։ Նույնիսկ հիմա, ինչպես պարզվեց, նրանց նկատմամբ որոշակի վերաբերմունք կա հենց նույն բուհում։ Դրա խոսուն ապացույցն էր այն փաստը, որ Ագրարայինի ուսանողները սոցիալական ցանցերում ընդվզեցին կատարվածի և «ուսխորհրդի» դեմ («Նրանք չեն ներկայացնում Ագրարային համալսարանը») և, ի պատասխան՝ հաջորդ օրը նույն համալսարանի լսարաններում տարածեցին նույն թռուցիկները։ Քանի դեռ այս իշխանությունն է, երիտհանրապետական այս տղաները կարող են իրենց «լավ զգալ»։ Իսկ այն փաստը, որ դրանցից մի քանիսն արդեն նախարարներ ու պատգամավորներ են, չափազանց գայթակղիչ կարող է լինել ուրիշների համար։ Բայց, ահա, հակառակ դեպքում պատկերացնելի է նրանց կարգավիճակը նույն բուհում, ընկերական շրջապատում ու հասարակության մեջ։ Հենց այս գիտակցությամբ էլ նրանք ակամա լրացնում են «մահապարտների» թիմը, դառնում Ս. Սարգսյանի իշխանության ամեն գնով պահպանման գործիք։ Բայց սա դեռ կյանք չմտած երիտասարդի բարոյական նկարագրի ու ճակատագրի խեղում է, որը, սակայն, գրոշի արժեք չունի թիվ մեկ «մահապարտի» համար։

Կա նաև երրորդ դիտանկյուն։

Իրենց ապօրինի գործողություններով և իշխանության հովանու տակ «ավելի խիստ» քայլերի դիմելու սպառնալիքով` երիտՀՀԿականները, ըստ էության, ծանր վիրավորանք են հասցրել հենց Ս. Սարգսյանին։ Ոչ թե օրենքից են խոսում, ոչ թե իրավապահների ուշադրությունն են հրավիրում, այլ ինքնադատաստանի փորձ են անում ու ինքնադատաստանով սպառնում։ Այսինքն՝ ասում են, թե Հայաստանում օրենք, իրավապահ մարմիններ ու դատարան, այլ խոսքով՝ իշխանություն չկա, կամ՝ «մենք թքած ունենք դրանց վրա»։ Իսկ օրենքների, պետական մարմինների, օրինականության թիվ մեկ երաշխավորն ու պատասխանատուն` Սահմանադրությամբ և երդմամբ երկրի բարձրագույն պաշտոնատար անձն է ի պաշտոնե։ Ստացվում է, որ նույն վերաբերմունքը նրանք ցուցադրում և նույն բանն ասում են հենց անձամբ Ս. Սարգսյանի հասցեին։ Ո՞րն է վերջինիս համար ավելի վիրավորական՝ Կոնգրեսի երիտասարդների քաղաքական թռուցիկը, թե՞ այս անարգանքն ու հայհոյանքը։

Աշոտ Սարգսյան աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/24977.html

Комментариев нет: