Ինչպես նշել էինք մեր հոդվածի 1-ին մասում, Հայրիկյանը այս ընտրությունների ֆավորիտը չէր, նրա հետևում չկա լուրջ ազդեցիկ քաղաքական ուժ, և ուրեմն, նրա վրա մահափորձն ավելի շատ ուղղված էր ոչ այնքան իր դեմ, որքան երկրում քաոսային վիճակ ստեղծելու համար:
Սույն թեզը մեզ համար գրեթե անվիճելի է, քանզի Հայրիկյանի հնարավոր սպանությամբ երկրի ոչ արտաքին քաղաքական վեկտորը կփոխվեր, ոչ էլ ներքաղաքական վերադասավորում կառաջանար:
Այսպիսով, նպատակը երկրում քաոս առաջացնելն էր: Եվ այստեղ է, որ հարց է առաջանում. իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞ր ուժը կարող է շահագրգռված լինել այս ամենի մեջ:
Փորձենք բացառման սկզբունքով հասնել մեր նպատակին:
Ռուսական վարկած
Այս վարկածն այսօր ամենաշահարկվողն է, քանզի դրա մասին խոսում է նաև գլխավոր տուժողը` Հայրիկյանը:
Սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս տարբերակն այնքան էլ լուրջ չէ քննարկելը, քանզի անհասկանալի է, թե ինչու պիտի Մոսկվային ձեռնտու լիներ` Հայաստանում քաոս առաջացնել:
Երևանը այսօր միակ ռազմավարական դաշնակիցն է մնացել Անդրկովկասում, և այստեղ էլ անկայունություն առաջացնելով` Մոսկվան ոչինչ չի շահում, սակայն կարող է շատ բան կորցնել:
Իհարկե, հասկանալի են Հայրիկյանի կասկածները, որոնք պատմական բնույթ ունեն, սակայն հասկանալի է նաև այն, որ այս վարկածը հեռու է իրականությունից:
Իսկ եթե Երևանում այս վարկածը դարձնեն մշտապես քննարկվող թեմա, ապա այն անխուսափելիորեն կազդի նաև հայ- ռուսական հարաբերությունների վրա:
Արևմուտքի վարկած
Այս վարկածը, որպես պաշտպանվելու միջոց, խաղի մեջ գցեցին ռուսամետ վերլուծաբան Վիկտոր Յակուբյանը և ոչ անհայտ Արտաշես Գեղամյանը:
Այստեղ նույնպես որևէ արգումենտ չկա, թե ինչու պիտի Արևմուտքը ուզի, որ Հայաստանում անկայունություն առաջանա:
Դրա համար էլ այն նույնպես չարժե քննարկել:
Թուրքական կամ ադրբեջանական վարկածները
Այս վարկածները հիմնականում քննարկում են ազգայնականները: Եթե սա ուղղված էր մեր պետականության դեմ, ուրեմն դրա հետևում չի կարող կանգնած չլինել Թուրքիան, նշում են նրանք: Սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու էր Հայրիկյանն ընտրված որպես թիրախ:
Ի վերջո, Հայրիկյանի հնարավոր սպանությամբ երկիրն ամբողջական քաոսի մեջ չէր հայտնվի, որից էլ, իբր, ուզում են օգտվել մեր թշնամիները: Այնպես որ, այս վարկածն էլ համոզիչ չէ` լրջորեն քննարկման համար:
Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը, կարելի է ասել, որ.
1. Հայրիկյանի դեմ մահափորձն ուղղված էր ոչ թե նրա դեմ, այլ նպատակ էր հետապնդում անկայունություն մտցնել Հայաստանում:
2. Արտաքին ազդեցիկ խաղացողներից ոչ մեկին շահավետ չէ քաոսի մեջ տեսնել Հայաստանը, իսկ Թուրքիան կամ Ադրբեջանը, այդպիսի խաղի կանոն որդեգրելով, որպես թիրախ կարող էին մեր քաղաքական դաշտում ընտրել այլ, ավելի ազդեցիկ դեմքեր, քան Հայրիկյանն է:
Շարունակելի... Դավիթ Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий