Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

24.02.2013

Պարոն Հովհաննիսյան, գուցեեւ գլխավոր ընտրակեղծարարը ձեր նախագահն է, բայց մեր նախագահը չէ

Այսօր` Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անցկացված կարճատեւ հանրահավաքից հետո վերջապես կցանկանայի վերջինիս մի քանի հարց ուղղել: Առաջին ելույթներից հետո հարցը դեռ բաց էր մնում, գուցեեւ` պարոն Հովհաննիսյանը լեզվի սայթաքում է ունեցել կանխավարկածով: Բայց քանի որ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը նույն տողերը արդեն որերորդ անգամ է կրկնում, (իսկ այսօր նաեւ գրավոր կարդաց), հետեւաբար ասել կուզի, որ խոսքն ամենեւին էլ լեզվի սայթաքում չէր:
Այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն որերորդ անգամ խոսելով Սերժ Սարգսյանի մասին` ասում է. «Երրորդ նախագահ պարոն Սարգսյան», (հարգարժան պարոն նախագահն էլ վրադիր):

Այսօր էլ պարոն Հովհաննիսյանը չմոռացավ Սերժ Սարգսյանին կոչել նախագահ` երրորդ նախագահ: Հետո նաեւ ասաց հետեւյալը. «Այսօր մեզ հետ են Հայաստանի երեք նախագահները: ..Մեզ հետ են ժողովրդի կողմից ընտրված Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը»:
Պարոն Հովհաննիսյանի խոսքում ինչ-որ բան իրար չի բռնում: Անհասկանալի հարցեր շատ կան: Սկսենք Սերժ Սարգսյանից:
Հայաստանում` ըստ Սահմանադրության նախագահը ընտրվում է ժողովրդի քվեարկության արդյունքում: Պարզ լեզվով ասած` ում որ ժողովուրդը ավելի շատ քվե է տալիս, նա էլ դառնում է նախագահ: Լինում են նաեւ տարբերակներ, երբ քաղաքական ինչ-որ խմբավորում ուզուրպացնում է իշխանությունը, կեղծում ընտրությունների արդյունքը եւ իրենցից մեկին հռչակում նախագահ:
Իմա` Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ է «հռչակվել» երկու անգամ` 2008-ի եւ 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքում:
Երկու դեպքում էլ, սակայն, Սարգսյանը նախագահ է դարձել ընտրությունները կեղծելու արդյունքում: Ընդ որում, խոսքը այնպիսի խայտառակ կեղծիքների մասին է, որը նշանակում է, որ երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանը իրականում Հայաստանի նախագահ չի ընտրվել: Եթե որեւէ մեկը պնդել կամ պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, ապա նա չի կարող համարել, որ Սերժ Սարգսյանը նախագահ է եւ նրա մասին խոսել պարոն նախագահ դիմելաձեւով: Եթե որեւէ մեկը համարում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է, ապա դա ավտոմատ նշանակում է`ընդունել կեղծված ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Այլ տրամաբանական տարբերակ չկա: Երկու երնեկ մի տեղ, ինչպես ասում են` չի լինում: Այն էլ` Սերժ Սարգսյանի պարագայում: Չի կարող լինել այնպես, որ Սերժ Սարգսյանը եւ նախագահ համարվի, եւ ընտրությունները կեղծած, ասել է թե` իշխանությունը ուզուրպացրած անձ: Հիմա պարոն Հովհաննիսյան, դուք Սերժ Սարգսյանի մասին ասում եք` Հայաստանի երրորդ նախագահ: Ուրեմն, խնդրում եմ, պատասխանեք հարցիս, պարոն Հովհաննիսյան, այդ ո՞ր ընտրությունների արդյունքում է Սերժ Սարգսյան ընտրվել Հայաստանի նախագահ: 2008-ի՞, թե՞ 2013-ի: Դուք ո՞ր ընտրությունների պաշտոնական ընտրություններն եք ճանաչում: Չլինի՞, թե դուք համարում եք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին ընտրվել է նախագահ, իսկ այս ընտրություններին` այնքան էլ չէ: Կամ գուցե` 2008-ի՞ն է կեղծել ընտրությունները, իսկ այս անգամ` այնքան էլ չէ: Եթե խոսում եք, ապա լավ կլիներ` ձեր միտքը հստակ ձեւակերպեիք եւ հասցնեիք մեզ, որ մենք էլ հասկանայինք: Թե չէ ստացվում է մի բառակապակցային շիլաշփոթ: Թե չէ ստացվում է, որ համ Սերժ Սարգսյանից պահանջում եք ճանաչել ընտրությունների իրական արդյունքները, ասել է թե, որ ինքը կեղծել է իրական արդյունքները եւ ինքն իրեն հռչակել նախագահ, համ էլ` նրան նախագահ եք կոչում նրան, համ մի տեսակ չափից դուրս պուպուշ ձեւով եք քննադատում, համ էլ հարգում եք նրան` «արցախյան պատերազմի ռահվիրային», համ էլ նրանից` հիմնական եւ գլխավոր կեղծարարից պահանջում եք պատժել ընտրակեղծարարների, համ` արգելում եք մարդկանց գոռալ «Սերժիկ հեռացիր» ու այդպես շարունակ:
Ժամանակն է կողմնորոշվել, պարոն Հովհաննիսյան, եւ հստակ, շա՜տ հստակ ձեւակերպել ասելիքը:
Եւ երկրորդ կարեւոր հանգամանքը:
Մի կողմից հռչակում եք, որ ձեր հանրահավաքին ներկա են Հայաստանի երեք նախագահները, (երե՞ք), մյուս կողմից ասում եք, որ ներկա են ժողովրդի կողմից ընտրված Վազգեն Մանուկյանը, Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները:
Եթե հիշում եք, ապա լավ, եթե ոչ, մեկ անգամ եւս հիշեցնենք. ձեր նշած վերջին երեք անձինք պայքարել են, որովհետեւ համարել են, որ իրականում իրենք են ընտրվել Հայաստանի նախագահ: (Այլ հարց, որ Վազգեն Մանուկյանի եւ Կարեն ու Ստեփան Դեմիրճյանների պարագանները լիովին տարբեր էին): Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները հաղթել էին Ռոբերտ Քոչարյանին, բայց երկու դեպքում էլ նախագահ էր դարձել վերջինս: Հիմա դուք համարում եք Քոչարյանին երկրորդ նախագա՞հ: Բա ժողովրդի կողմից ընտրված հայր եւ որդի Դեմիրճյանների անուններն ինչի՞ եք հիշատակում: Կամ եթե համարում եք, որ Դեմիրճյաններն են ընտրվել ժողովրդի կողմից, ուրեմն, ինչպե՞ս եք Քոչարյանին համարում երկրորդ նախագահ: Մյուս տարօրինակ հանգամանքը. պարոն Հովհաննիսյան, էլի 2008-ի եւ այդ ընտրություններում իրականացված կեղծիքները մոռացաք: 2008-ի ընտրություններում ժողովուրդը ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, նախագահ հռչակվեց` Սերժ Սարգսյանը:
Բայց 2008-ի ժողովրդի ընտրյալի մասին չեք խոսում: Սերժ Սարգսյանին էլ նախագահ եք ասում: Հիմա էս տեսակ խայտառակ լեզվական խառնաշփոթից հետո, դուք եկել եք ստեղ ու մեզ ասում եք` բարե՞ւ: Կներեք, պարոն Հովհաննիսյան, բայց գլխավոր կեղծարարին, առնվազն տաս մարդու կյանքի գնով նախագահական աթոռը զավթած մարդուն «հարգարժան պարոն նախագահ»-ով դիմողին մի տեսակ չի լինում նույն կերպ պատասխանել` բարեւ:
Ձեր բարեւը գուցեեւ դեռ առնեմ, բայց միայն այն ժամանակ, երբ կհասկանամ ի վերջո ձեր հստակ դիրքորոշումը ո՞րն է: Թե չէ սիրուն բան չի ստացվում: Դուք մեզ ասում եք` բարեւ, ժողովուրդը հաղթել է, ու գնում գլխավոր ընտրակեղծարարին ասում եք հարգարժան պարոն նախագահ պատժեք ընտրակեղծարարներին: Կողմնորոշվեք, պարոն Հովհաննիսյան, ու իմացեք, գուցե գլխավոր ընտրակեղծարարը ձեր նախագահն է, բայց մեր նախագահը չէ: Այնպես որ, ձեր բարեւին պետք է պատասխանեմ` առայժմ: Գուցե առայժմ-ը բարեւ դառնա, գուցեեւ` ցտեսություն:

Պարգեւ Ապրեսյան  

աղբյուրը http://www.ilur.am

Комментариев нет: