Աստիճանաբար, գլխավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի բացահայտումների շնորհիվ, հանրությանը հայտնի են դառնում փետրվարի 21-ին կայացած Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպման մանրամասները։ Ըստ այդմ, Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել հետեւյալ երկու կտրական պահանջները.
Նույնքան կտրական մերժում ստանալուց հետո Րաֆֆին հրաժարվել է իր պահանջներից եւ Սերժին արել հետեւյալ փոխզիջումային առաջարկները.
1. Ճանաչել իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը.
2. Կամ դրա փոխարեն անցկացնել նոր նախագահական ընտրություններ։
Նույնքան կտրական մերժում ստանալուց հետո Րաֆֆին հրաժարվել է իր պահանջներից եւ Սերժին արել հետեւյալ փոխզիջումային առաջարկները.
1. Դատական կարգով խստորեն պատժել բոլոր ընտրակեղծարարներին՝ սկսած բարձրագույն պետական պաշտոնյաներից, վերջացրած ընտրական հանձնաժողովների նախագահներով եւ քրեական հեղինակություններով.
2. Փոփոխություն կատարել ընտրական օրենսգրքում, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով.
3. Լուծարել գործող խորհրդարանը եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի այս առաջարկները եւ իր կողմից վերջինիս ներկայացրել հետեւյալ հակաառաջարկները.
1. Ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը եւ պատրաստվել 2017-18 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։
2. Դեռեւս չճշտված մի տեղեկության համաձայն՝ Սերժը Րաֆֆիին առաջարկել է նաեւ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին եւ զբաղեցնել Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
* * *
Առայժմ մի կողմ դնելով Սերժ Սարգսյանի անհեթեթ, եթե չասենք ծաղրական, առաջարկները, որոնք, սակայն, կարեւոր մի իրողություն են բացահայտում, ինչին մենք կանդրադառնանք սույն վերլուծության հետագա շարադրանքում, փորձենք հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումն ու մարտավարությունը։
Պահանջների մասով Րաֆֆիի դիրքորոշումն անթերի, սկզբունքային ու հստակ է։ Անցած ընտրություններում ակնհայտորեն հաղթել է ինքը եւ ոչ թե Սերժ Սարգսյանը։ Հետեւաբար, իրապես առկա է կնճռի լուծման երկու ճանապարհ. կա՛մ Սերժը պետք է ընդունի Րաֆֆիի հաղթանակը, կա՛մ էլ փետրվարի 18-ի ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն եւ անցկացվեն նոր նախագահական ընտրություններ։ Բացի անթերի, սկզբունքային ու հստակ լինելուց, անհրաժեշտ է արձանագրել նաեւ, որ նշված պահանջները լիովին արտահայտում են կեղծված ընտրությունների առիթով իշխանության դեմ ըմբոստացած ժողովրդի, իսկ ավելի կոնկրետ, Ազատության հրապարակի միահամուռ կամքը։ Րաֆֆին, ըստ այդմ, Սերժի հետ հանդիպման ժամանակ այս առումով բացարձակապես գործել է Ազատության հրապարակից ստացած մանդատին համապատասխան եւ գործող նախագահի առջեւ դրել ժողովրդի մեծամասնության առաջ քաշած հստակ պահանջները։
* * *
Սակայն երբ Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է այս պահանջները, Րաֆֆի Հովհաննիսյանը գերազանցել է նշված մանդատով իրեն տրված լիազորությունները, եւ արդեն միայն իր անունից կատարել ընտրակեղծարարներին պատժելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու փոխզիջումային առաջարկները։ Լիազորությունների գերազանցում ասելով, նկատի ունենք այն, որ հանդիպումից առաջ Րաֆֆին Ազատության հրապարակին չի տեղեկացրել, որ պատրաստվում է այդպիսի առաջարկներ անել Սերժ Սարգսյանին, այսինքն՝ ժողովրդից այդպես վարվելու լիազորություն չի ստացել։ Բայց սա ընդամենը հարցի ֆորմալ կողմն է։ Իսկ ըստ էության, նույնիսկ լիազորված լինելու պարագայում, թեկուզ զուտ դիվանագիտության կանոններով, Րաֆֆին չէ, որ փոխզիջում պիտի առաջարկեր։ Փոխզիջումը պետք է առաջարկեր Սերժը, որից հետո Րաֆֆին պետք է վերադառնար Ազատության հրապարակ եւ ժողովրդին ներկայացներ դրանք, ու միայն վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո ընդուներ կամ մերժեր Սերժի առաջարկները։ Բայց ինչպես տեսանք, Սերժը ոչ միայն իր կողմից փոխզիջում չի առաջարկել, այլեւ կտրականապես մերժել է նաեւ Րաֆֆիի առաջարկած փոխզիջումային տարբերակները։ Փոխզիջման գնալու համար Սերժը պետք է վտանգ զգար Րաֆֆիի գլխավորած շարժումից։ Հստակ է, որ նա չի զգացել այդ վտանգը, դրա համար էլ այդպես սառնասրտորեն մերժել է Րաֆֆիին։ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը զգացին այդ վտանգը, բայց փոխզիջման գնալու փոխարեն, որպեսզի դա թուլության նշան չդիտվի, ընտրեցին շարժումը բռնությամբ ճնշելու եւ ժողովրդին գնդակոծելու տարբերակը։ Հարյուր տոկոսով համոզված ենք, որ այդ սցենարն այս անգամ չի կրկնվի. նախ՝ քանի որ աշխարհն այլեւս դա չի հանդուրժի, եւ երկրորդ՝ որովհետեւ Րաֆֆին Սերժի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել հրաժարվելու իր հիմնական պահանջներից ու բավարարվելու փոխզիջմամբ։ Որքան էլ հետին թվով նա հայտարարի, թե իր փոխզիջումային առաջարկներն այլեւս ուժը կորցրած պետք է համարել, իշխանությունների վրա դա ազդեցություն չի գործի, քանի որ նա արդեն մեկ անգամ անզգուշաբար բացել է իր բոլոր խաղաքարտերը։
* * *
Քաղաքականության մեջ փոխզիջումը բացարձակապես չպետք է պախարակելի վարքագիծ կամ թուլության նշան համարել։ Ընդհակառակը, փոխզիջումը հատուկ է ուժեղ, խիզախ եւ իմաստուն քաղաքական ու պետական գործիչներին։ Երբ քաղաքական ուժը կամ նույնիսկ պետությունը չի կարողանում հասնել իր որեւէ նպատակի իրականացմանը, ապա պետք է ձգտի մի այլ, թեկուզ չափավոր ձեռքբերում ապահովել, ինչը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով։ Եթե 1921 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանը, չհաջողելով իրականացնել Ղարաբաղի ու Հայաստանի միավորումը, «հաղթանակ կամ ոչինչ» սկզբունքով մերժեր նաեւ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության գաղափարը, ապա այսօր Ղարաբաղն ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Այնպես որ, Րաֆֆիի առաջարկած փոխզիջումային տարբերակներն ամենեւին վատ ու անարժեք նախաձեռնություններ չեն։ Իր հետապնդած գլխավոր նպատակին չհասնելու պարագայում եթե նա կարողանա իրականություն դարձնել այդ նախաձեռնություններից թեկուզ մեկ-երկուսը, ապա դրանով նա արդեն իսկ հսկայական ծառայություն մատուցած կլինի երկրին ու ժողովրդին։ Բայց, ինչպես նշվեց, այդ բանը պետք է արվի ժողովրդի աչքի առջեւ, ու ժողովրդի հավանությամբ։ Երբ Հայ Ազգային Կոնգրեսը 2011թ. գարնանը գնաց իշխանության հետ երկխոսության, դա արեց միանգամայն թափանցիկ կերպով՝ Ազատության հրապարակում բացեիբաց ներկայացնելով երկխոսության պայմաններն ու հստակ օրակարգը, եւ միայն առաջ քաշված պայմանների կատարումից ու ժողովրդի հավանությունն ստանալուց հետո նստեց բանակցությունների սեղանի շուրջ։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության շնորհիվ էր, որ ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, վերացվեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արգելքը, եւ իշխանությունները հրաժարվեցին մարտի 1-ի էջը փակված համարելու իրենց որդեգրած դիրքորոշումից։ Սրանք ձեռքբերումներ են, որոնց նշանակությունը որեւէ բանական եւ անկողմնակալ մարդ չի կարող թերագնահատել։
Կատարելով այս վերլուծությունը, մենք Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տալու մտադրություն, առավել եւս իրավունք չունենք։ Ինքն է այսօր դրության տերը, եւ ինքն է կայացնելու իր որոշումները։ Մեր նպատակն էր ընդամենը տալ որոշ պարզաբանումներ՝ հանրությանը ճիշտ կողմնորոշելու համար։
* * *
Ավարտելով Րաֆֆի Հովհաննիսյանին վերաբերող մասը, այժմ, ինչպես խոստացել էինք, անդրադառնանք Սերժ Սարգսյանին։ Ըստ Րաֆֆիի՝ իր բոլոր պահանջներն ու փոխզիջումային առաջարկները մերժելուց հետո Սերժը մեծահոգաբար իրեն առաջարկել է «ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը եւ պատրաստվել 2017-18 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին»։
Առաջին հայացքից բարի կամեցողության դրսեւորում թվացող այս առաջարկը վերջնականապես ապացուցում է դեռեւս ընտրարշավի ընթացքում որոշ վերլուծաբանների կողմից առաջ քաշված այն տեսակետը, որի համաձայն՝ ընտրություններին սեփական թեկնածուներով չմասնակցելու մասին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հայտարարություններից հետո Միքայել Մինասյանի գլխավորած երիտքաղտեխնոլոգների կամ երիտօլիգարխների խումբը, Սերժ Սարգսյանի փառավոր հաղթանակը լիովին ապահովված համարելով, որոշել է դրա հետ մեկտեղ լուծել նաեւ մի քանի այլ ստրատեգիական խնդիրներ։ Ըստ այդմ, կազմվել եւ, դատելով իրադարձությունների ընթացքից, Սերժ Սարգսյանի հավանությանն է արժանացել հետեւյալ հանճարեղ ծրագիրը.
1. Միջազգային հանրության բարեհաճությանն արժանանալու համար անցկացնել արտաքուստ հնարավորինս օրինական, հարթ եւ անաղմուկ ընտրություններ՝ հրաժարվելով ընտրակեղծարարության նախկինում կիրառված կոպիտ մեթոդներից, այն է՝ վստահված անձանց ու դիտորդների նկատմամբ բռնություններից, մեծաքանակ լցոնումներից եւ ընտրակաշառքի համատարած բաժանումից։
2. Իշխանական քարոզչամեքենայի միջոցով նպաստել որոշ թեկնածուների, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացմանն ու, նրա համար քվեների պատկառելի տոկոս ապահովելով, ընտրություններից հետո նրան օժտել տիտղոսային ընդդիմության առաջնորդի դերով եւ այդպիսով չեզոքացնել Հայ Ազգային Կոնգրեսի ազդեցությունը ժողովրդական զանգվածների վրա։
3. Վերացնել Սերժ Սարգսյանի պարտավորվածությունը եւ կախվածությունը տխրահռչակ օլիգարխներից ու քրեական հեղինակություններից, որոնք մինչ այժմ եղել են քոչարյանասերժական վարչախմբի գլխավոր հենարանը եւ ընտրակեղծարարության բութ մեքենան` դրա շնորհիվ պահպանելով ու ամրապնդելով իրենց տնտեսական դիրքերը։
4. Թուլացնելով օլիգարխների ու մոնոպոլիստների քաղաքական ազդեցությունը, աստիճանաբար նեղացնել նաեւ նրանց տնտեսական գործունեության շրջանակը եւ կոռուպցիայի դեմ կեղծ պայքարի շղարշի տակ, սեփականության վերաբաշխման միջոցով, մեծացնել երիտհանրապետականների մասնաբաժինը տնտեսության բնագավառում։
Այս ծրագիրը, սակայն, նրա հեղինակների ինքնավստահության, բթամտության, սխեմատիկ դատողության, բայց առաջին հերթին ժողովրդի անսպասելի հակազդեցության պատճառով, առնվազն 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի մասով լիովին ձախողվեց։
Ընտրությունները նույնքան ապօրինի, անհարթ ու աղմկոտ եղան, ինչպես վարչախմբի անցկացրած նախկին ընտրությունները, եւ բացի այդ, երբ քվեարկության օրվա երկրորդ կեսին պարզ դարձավ, որ ընտրությունների ընթացքը դուրս է եկել երիտքաղտեխնոլոգների վերահսկողությունից, ու նրանց սցենարն այլեւս չի աշխատում, դրությունը նորից փրկեցին օլիգարխներն ու քրեական հեղինակությունները, որոնց բացահայտ ու բռնի միջամտության շնորհիվ Սերժը հազիվ խուսափեց անձնական աղետից։
Ինչ վերաբերում է ծրագրի 2-րդ կետին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքն ու թեկուզ առայժմ անհստակ քայլերը ցույց են տալիս, որ այն նույնպես կարծես թե դատապարտված է ձախողման, քանի որ դեռեւս չի երեւում, թե Րաֆֆին մտադիր է հրաժարվել իր սկզբունքային պահանջներից ու բավարարվել Սերժի կողմից իրեն առաջարկված ընդդիմության առաջնորդի դերով։ Թեեւ պետք է նշել, որ այդ դերն էլ հենց այնպես չի ձեռքբերվում կամ հեշտությամբ չի նվաճվում։ Դրա համար Րաֆֆին պետք է ոչ թե բարեւով կամ խոսքով, այլ գործով ժողովրդին ապացուցի, որ պատրաստ է հանցավոր վարչախմբի դեմ մղվող անզիջում, երկարատեւ ու հետեւողական պայքարի։ Հակառակ պարագայում «ֆալշը» շուտ է զգացվում եւ նրան սպասում է ախքացման վտանգը։ Փառքից դեպի գահավիժում ընդամենը մեկ քայլ է։
* * *
Եթե ոչ Րաֆֆիի չափ, բայց բավականին անելանելի վիճակի մեջ է հայտնվել նաեւ Սերժ Սարգսյանը, որի առջեւ ներկա պահին կանգնած են հետեւյալ հրատապ խնդիրները.
1. Սիրաշահման, ահաբեկման, սադրանքների կամ ուղղակի բռնությունների միջոցով մի կերպ մարել բողոքի զանգվածային միջոցառումները եւ Րաֆֆիին փողոցից տուն ուղարկել՝ հետագայում նրան, տիտղոսային ընդդիմության հանգամանքով, Հայ Ազգային Կոնգրեսի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով օգտագործելու մտադրությամբ։
2. Հաշիվ տեսնել սեփական փեսայի՝ Միքայել Մինասյանի գլխավորած երիտքաղտեխնոլոգների տխրահռչակ խմբի հետ, որովհետեւ Սերժին, ինչպես ասում են, մինչեւ հիմա դեռեւս ոչ ոք այսպես դաժան չէր «քաշել»։
3. Պատժել բոլոր այն պետական պաշտոնյաներին, քաղաքապետներին, գյուղապետներին, դպրոցների տնօրեններին եւ ընտրական հանձնաժողովների նախագահներին, ովքեր զլացել կամ չեն կարողացել ընտրակեղծարարության միջոցով ապահովել իր համոզիչ հաղթանակը։
4. Ինչպես իր «նախագահության» առաջին ժամկետում, կասկածելի կամ չունեցած լեգիտիմությունը միջազգային հանրությանը ընդունելի դարձնելու համար, նորից հակազգային զիջումների գնալ արտաքին քաղաքականության բնագավառում՝ մասնավորապես հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացներում, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերություններում։
Այնպես որ, առաջիկայում հայ ժողովրդին սպասում է ոչ թե արդարության հաստատման, օրինականության վերականգնման եւ բարգավաճման հեռանկար, այլ կրկին ազգային խայտառակության ու նվաստացման լուծը կրելու երկարուձիգ մի հնգամյակ։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՉԻ»
Комментариев нет:
Отправить комментарий