Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

19.02.2013

Խոտորնակին՝ խոտորնակ

ԵԽԽՎ  դիտորդական առաքելությունը հունվարի 17-ին տարածած հայտարարության մեջ իր անհանգստությունն էր հայտնել նախագահական ընտրությունների ոչ մրցակցային լինելու առիթով՝ նկատի ունենալով դրան հիմնական ընդդիմադիր ուժերի (Կոնգրես, ԲՀԿ, ՀՅԴ) չմասնակցելը։ Դեռ այն ժամանակ սա շոկ առաջացրեց իշխանության մեջ։ Սերժ Սարգսյանն անմիջապես ընդարձակ հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին (20.01.2013)՝ ժխտելու համար այդ թեզը. «Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն և ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»։
Դրանից կաթվածահար «ցնցված» էր նաևԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ուստի և դրա համար պատասխանատու Դավիթ Հարությունյանը. «Ես ցնցված եմ ընտրություններից առաջ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության  մամլո հաղորդագրության ձևից և բովանդակությունից»։ Ու որպես ընտրությունների մրցակցային լինելու փաստարկ՝ կրկնում նույն Հրանտ Բագրատյանի
Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անունները։ Պարզ է՝ միասին են մշակել պատասխանը։
Ինչո՞ւ է այսչափ մեծ անհանգստությունը։
Ս. Սարգսյանը «ոչ մրցակցային» գնահատականի մեջ իր համար մահացու վտանգ է տեսնում։ 2008-ին Սերժ Սարգսյանը զանազան ընտրախախտումների և խաղաղ ցուցարարների գնդակահարության պատճառով ամբողջովին ոչ օրինակարգ ճանաչվեց ներսում և խիստ խոցելի դարձավ դրսում։ Դրա ծանր հետևանքները նա կրում է առաջին օրից և առ այսօր։ Բանն այն է, որ ոչ մրցակցային ընտրությունները նույնպիսի հիմք են «ընտրվածին» ոչ օրինակարգ ճանաչելու համար։ Եւ նա շալակում է ոչ օրինակարգության շատ ավելի վտանգավոր բեռը։
Այդ դեպքում ինչո՞ւ Ս. Սարգսյանն ավելի վաղ չէր մտածել այս մասին։
Որովհետև նա նախ պետք է մտածեր ու կանխեր շատ ավելի մեծ ու իրական՝այս ընտրություններում իշխանությունն ընդհանրապես կորցնելու վտանգը։
Իր պաշտոնավարման ողջ ընթացքում սա է եղել Ս.Սարգսյանի առաջնային խնդիրը, որ նա փորձել է լուծել միջոցների միջև խտրություն չդնելով. ուժային ճնշումներից, բռնություններից սկսած՝մինչև քաղաքական հակառակորդի ներսում քայքայիչ աշխատանքների կազմակերպումը ու դրա համար անսահմանափակ ֆինանսական միջոցների հատկացումը։ Ճիշտ է՝ իշխանության հրահրած տարաբնույթ դիվերսիաները բեկորներ պոկեցին Հայ Ազգային Կոնգրեսից, սակայն Կոնգրեսին ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց այդ պայմաններում լուծել մի անպատկերացնելի քաղաքական խնդիր, ինչն ամբողջությամբ չէր հաջողվել 2008 թվականին։ Հաջողվեց իշխող ՀՀԿ-ին Ս. Սարգսյանի հետ միասին թողնել մենակ ու դրա դեմ համախմբել ասպարեզում եղած բոլոր քաղաքական ուժերին։ Ս. Սարգսյանը մնաց առանց իր ամենահզոր երկու դաշնակիցների, որ ուներ 2008-ին՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի։ Փոխլրացնող որակներ ունեցող հիմնական այս ուժերի կազմակերպական համագործակցության առաջին փորձը «Միասնական շտաբի» տեսքով արվեց 2012թ. խորհրդարանական ընտրությունների առիթով՝ աննախադեպ մի բան բռնապետության պայմաններում։ Այստեղ կարևորը տվյալ պահին դրա բերած գործնական արդյունքը չէր, այլ միասնաբար հանդես գալու հնարավորության գործնական ցուցադրումը՝ որպես «գլխավոր փորձ»՝ նախագահական ընտրություններից առաջ։
Սերժ Սարգսյանը սարսափած էր, թե դա ինչի կարող է վերածվել նախագահական ընտրություններում, այս անգամ, բնականաբար, բոլորովին այլ որակով ու մակարդակով։ Պատկերացնելու համար համեմատենք այսօրվա իրողության հետ. Պ. Հայրիկյանը իր «մահափորձի» առիթով առաջարկում է Հ. Բագրատյանին և Ր. Հովհաննիսյանին հանդես գալ միասնական թեկնածուով։ Քաղաքական կյանքին մոտ կանգնածների համար գաղտնիք չէ, որ այս երեքից յուրաքանչյուրի գլխավորած քաղաքական ուժի թվակազմը հազիվ կամ առավելագույնը երկնիշ թվով կարող է արտահայտվել։ Եւ այդուամենայնիվ, այդպիսի մի միավորումը, իրոք, վտանգավոր կարող է լինել Ս. Սարգսյանի համար։ Որովհետև նման դեպքերում թվերի թվաբանական գումարից բացի՝ կա դրա հասարակական բազմապատիկ մեծ էֆեկտը։ Հիմա պատկերացրեք, որ այս երեքի փոխարեն՝ միավորվում էին Կոնգրեսը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Դա կլիներ Ս. Սարգսյանի իշխանության վերջը։ Նրան չէին փրկի ո՛չ 700.000 բացակա քվեարկողները, ո՛չ բազմակի քվեարկությունները, ո՛չ ընտրակաշառքը։ Խնամքով ստեղծված ու անխաթար աշխատող այդ մեխանիզմները պարզապես կփլուզվեին։
Ուստիև, աչքի առաջ ունենալով այս ավելի քան իրական վտանգը՝ Ս. Սարգսյանը նախ ամեն ինչ արեց ձևավորվող այդ միասնությունը քանդելու համար։ Ջանքերն ուղղված էին,մասնավորապես, ԲՀԿ-ից սատարման խոստում պոկելուն։ Չստացվեց։ Սերժ Սարգսյանը, ահաբեկված, իր առջև խնդիր դրեց հասնել այն բանին, որ այդ երեք ուժերից որևէ մեկը չմասնակցի նախագահական ընտրությանը։ Դրանով նա լուծեց իր իշխանության պահպանման հարցը։ Բայց դրանով չլուծեց այդ իշխանության որակի հարցը։ Այսինքն՝ Ս.Սարգսյանի մտավախությունն այն է, որ կարող է ոչ միայն շարունակվել, այլև խորանալ իր ոչ օրինակարգության նախորդ 5 տարվա մղձավանջը։
Եւ ի՞նչ լուծում գտավ նա։                                                                                 
Տարբերակները շատ չէին, եթե չասենք՝ մեկն էր. կազմակերպել մրցակցային ընտրությունների մի թատերական ներկայացում-խեղկատակություն։ Դերակատարների դժվար չէր գտնել։ Եթե հիշում եք՝ սկզբում անգամ «կոնկուրս» կար. 7 հոգի չգրանցվեցին վերջին պահին... ընտրագրավը մուծել չկարողանալու պատճառով։ Համարվեց, որ մյուս յոթը բավարար են ներկայացման համար։
Կարող է հարց առաջանալ. բայց որքանո՞վ է ճիշտ ընտրությունները ֆարս, ներկայացում անվանելը և մասնակից թեկնածուներին այդ կերպ վիրավորելը։ Սրանցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ պահի, ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի խոստովանել է, որ ինքը հաղթելու շանս չունի,և «ընտրվելու է» Ս. Սարգսյանը։ Ոչ թե՝ որ նա ավելի շատ ձայն ունի, այլ որովհետև նրա օգտին անխափան աշխատելու է ընտրությունների կեղծման և վարչական ռեսուրսների օգտագործման դժոխային մեքենան, որի աշխատանքը ինչ-որ կերպ դժվարացնելու օրենսդրական փոփոխությունների փորձն անգամ չհաջողվեց։
Դժոխային այդ մեքենային  մասամբ միայն հնարավոր եղավ դիմակայել 2008թ.՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ գոյացած համաժողովրդական շարժման ողջ պոտենցիալով՝ 4000-ից ավելի հուսալի վստահված անձերով, տասնյակ հազարավոր նվիրված ակտիվիստներով և այլն։ Եւ այնուամենայնիվ, վարչախումբը կարողացավ գողանալ նրա հավաքած ձայների մեծ մասը (ըստ ԱՄՆ դեսպանի գաղտնի զեկուցագրի՝ մոտ կեսը, իսկ իրականում՝ 2/3-ը)։ Բայց չկարողացան գողանալ այնքան, որքան ծրագրել էին։ Հիմա ոչինչ չի փոխվել՝ ո՛չ օրենք, ո՛չ իրավիճակ, ո՛չ իշխանության որակ։ Ընդհակառակը՝ կատարելագործվել են կեղծիքի մեթոդները։ Թեկնածուներից որևէ մեկը կհամարձակվի՞ ասել, թե ինքը տիրապետում է 2008թ. ընդդիմադիր թեկնածուի վերոհիշյալ ռեսուրսի գեթ 2%-ին։ Եւ ուրեմն՝ ի՞նչ է անելու նա այդ մեքենայի դեմ։ Ըստ այսմ՝ ուրիշ ի՞նչ կերպ պետք է բացատրել, գնահատել նրանց մասնակցությունը, երբ տվյալ իրավիճակում Ս. Սարգսյանին կենսականորեն միայն մի բան է պետք՝ ռեսուրս չունեցող, կեղծիքների դեմ անպաշտպան, ձևական մրցակիցներ։
Ս. Սարգսյանը, շարունակելով իր նախորդին, այլասերել, ոչնչացրել է ընտրությունները՝ որպես իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ, կատարելագործել ընտրակեղծարարության դժոխային մեքենան։ Նա տարբեր մեթոդների գործադրմամբ ընտրապայքարից դուրս է մղել հիմնական քաղաքական ուժերին։ Այս ամենով Ս. Սարգսյանը ամենալուրջ քաղաքական գործընթացը վերածել է խեղկատակության։ Ու նախընտրական հանդիպման ժամանակ խաղատնային բառապաշարով ու ցինիզմով էլ հայտարարում է՝ «Ինչքա՞ն է պետք,100-ից 90, 80, 60՝ ինչքան պետք է, այնքան էլ կխփեմ»։ Այս ամենը անարգանք և հայհոյանք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հասցեին, դա հայ ժողովրդին նետված անպատկառ մարտահրավեր է։
Ի՞նչը կարող է լինել իրավիճակից դուրս գալու ձևը և մեզ հասցված անարգանքին համարժեք պատասխանը։
Ա)  Կարելի էր բոյկոտել ընտրությունները և Ս. Սարգսյանին թողնել միայնակ։ Դա անհնար էր անել սկզբում (թեկնածու դառնալու հերթ կար)։ Դա կարող են անել այսօր առկա թեկնածուները, բայց ակնհայտ է, որ չեն անի։
Բ) Կարելի է չգնալ, չմասնակցել ընտրությանը։ Դա մեծ էֆեկտ չի տա. այնպես, ինչպես օգտագործվում են Հայաստանից բացակա 700.000 ընտրողների ձայները, նույն կերպ էլ կօգտագործվի չմասնակցածներինը, ոչ մի տարբերություն։ Մնում է մի ելք՝
Գ) Խոտորնակին՝ խոտորնակ. համարժեք պատասխանը մեզ պարտադրված խեղկատակությունը խորացնելն է, նույն քվեաթերթիկով մեզ հասցված անարգանքին ու հայհոյանքին պատասխանելը։ Ձևերը բազմազան են, ասպարեզը անսպառ՝ արտահայտելու սեփական անկեղծ վերաբերմունքը դրսևորելու համար մեր ժողովրդին այնքա՜ն բնորոշ ստեղծագործական տաղանդը՝ բոլոր ժանրերով. նամակ, հումոր, ցանկություն, հիշեցումներ, ազգագրական բառ ու բան... Շատերը որոշել են գնալ ու քվեաթերթիկի վրա գրել իրենց նախընտրած թեկնածուի անունը։ Սա էլ շատ ավելի ազդեցիկ ձև է։ Հիշեցնենք, որ քվեաթերթիկի հետ ընտրողը միայնակ է, և ոչ մեկն իրավունք չունի նրան խանգարել գրառումներ կատարելիս, եթե անգամ նա ուզում է դրա վրա մի ամբողջ շարադրություն գրել։ Օրենքի հետ էլ խնդիր չկա, այն ընդամենն ասում է, որ նման քվեաթերթիկները դառնում են անվավեր։
Սա միայն սիրտ հովացնելու զգացական խնդիր, առավել ևս՝ չարաճճիության կոչ չէ։ Սա այս իրավիճակում հնարավոր ամենաարդյունավետ և լուրջ քաղաքական քայլն է։ Այս կերպ կարելի է հրաշալի հիմքեր ստեղծել՝ լուծելու համար Սերժ Սարգսյանի արագ հեռացման խնդիրը։ Պատկերացնո՞ւմ եք՝ քվեատուփերից դուրս եկած քվեաթերթիկներով Ս. Սարգսյանը գրավում է 2-րդ տեղը՝ «Անվավերից» հետո։ Կամ թեկուզ՝ «Անվավերը» գրավի 2-րդ տեղը։ Ճիշտ է՝ պաշտոնական արդյունքներում դրանց թիվը կկեղծվի-կնվազեցվի։ Սակայն այդ ամենը կտեսնեն դիտորդները, օրիգինալ նշումներով հարյուրավոր քվեաթերթիկների նմուշներ կհայտնվեն ինտերնետում։ Այդ ամենը կտեսնի հանձնաժողովներում հաշվարկներին մասնակից առնվազն 30.000 մարդ, իսկ դա նշանակում է՝ այդ մասին կիմանա ողջ ժողովուրդը։

Դրանով բազմապատիկ կշեշտվի ընտրությունների ոչ մրցակցային լինելը, ինչից այդքան սարսափում է Ս. Սարգսյանը։

Դրանով մենք կստանանք շիկացած ու լիցքավորված հասարակական մթնոլորտ և մի քանի անգամ ավելի թույլ ու անճարակ «նախագահ», որին հեռացնելը տեխնիկայի հարց կլինի ընդամենը։
Աշոտ Սարգսյան
«ՉԻ»

Комментариев нет: