Երբ Իջևանի քաղաքապետի ընտրություններում փորձարկվեց իշխանափոխության մինի–մոդելը, բոլորին պարզ դարձավ, որ «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևն աշխատող տարբերակ է։
Ինչպես հայտնի է, Իջևանում ՀՀԿ–ական գործող քաղաքապետի դեմ պայքարում էր ԲՀԿ–ական թեկնածուն, ում ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցում էին ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը»։ Այսինքն՝ առանձին վերցրած մեկ քաղաքում հաջողվել էր համախմբել ընդդիմադիր էլեկտորատին։ Որքան էլ ՀՀԿ–ն փորձեց այն ժամանակ կիրառել մեզ հայտնի ընտրական տեխնոլոգիաները, միևնույն է պարտություն կրեց։
Հետագա զարգացումները, ցավոք, ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտը ներկայացնող ոչ բոլոր ուժերն այս ամենից հետևություններ արեցին։ Փոխարենը Բաղրամյան 26–ում շատ լավ հասկացան, որ եթե ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածը համախմբվում է և այդ համախմբմանը տեր է կանգնում ԲՀԿ–ն՝ իր ֆինանսակազմակերպչական հզոր ռեսուրսով, ապա անհնար է վերարտադրություն ապահովելը։
Իշխանությունն ընդեմ կոնսենսուսի
Սերժ Սարգսյանը զգալով «Կոնսենսուս մինուս մեկ»–ից եկող վտանգը՝ անցավ գործի։ Առաջինը կոնսենսուսից հաջողվեց պոկել «Ժառանգություն» կուսակցությանը։ Րաֆֆի Հովհաննիսյանին «երկխոսացրեցին», ու նա ԱԺ ընտրությունների ժամանակ դուրս եկավ «Ընտրությունների վերահսկման միասնական շտաբից» և սկսեց պայքարել ոչ թե իշխանության, այլ շտաբի անդամներ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մասամբ նաև ՀՅԴ–ի դեմ։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ «Ժառանգություն»–ը, մեծ հաշվով, չկարողացավ ջուր պղտորել։ Րաֆֆի Հովհաննիսյանին օգտագործեցին, բայց արդյունքի չհասան, իսկ «ժառանգության» առաջնորդն էլ մայիսի 6–ից հետո ստացավ իր արժանի պատիժը՝ գործնականում զրկվելով անգամ 5–հոգանոց խմբակցություն ունենալու հնարավորությունից։
Տեսնելով, որ անգամ առանց «Ժառանգության» է կոնսենսուսի ռեսուրսը կենսունակ ՝ իշխանությունը սկսեց աշխատել ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի ուղղություններով։ ԲՀԿ–ի դեմ տոտալ քարոզ էր իրականացվում, իսկ ՀԱԿ–ում պայթեցվում էին բոլոր հնարավոր «ականները»։
Ինչ վերաբերում է ՀՅԴ–ին, ապա վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց ամբողջությամբ «երկխոսացնել» այդ կուսակցության վերնախավին։
«Երկխոսացման» հրապարակային ակտը տեղի ունեցավ դեկտեմբերի 8–ին, երբ ՀՅԴ լիդերներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը նախագահականում հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ ու պայմանավորվեցին շարունակական դարձնել շփումները։ Թե ինչ էր դա նշանակում նախագահական ընտրությունների նախաշեմին՝ լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան ու «սարեր շարժող» Րաֆֆի Հովհաննիսյան տեսած հայ ժողովուրդը ՀՅԴ–ի քայլը կարող է սեփական ցանկությամբ որակավորել։
Սարգսյանին պետք էր, որպեսզի ՀՅԴ–ն որևէ պարագայում չմիանա ԲՀԿ–ՀԱԿ հնարավոր դաշինքին և նա այդ խոստումը ստացավ այնպես, ինչպես ԱԺ ընտրություններից առաջ ստացել էր Րաֆֆիից ու վերջինիս կտրել ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ միավորումից։ Ու հիմա արդեն կապ չունի, թե ՀՅԴ–ն ու «ժառանգությունն» ինչ ձևաչափով կմասնակցեն նախագահական ընտրություններին ու ինչ հռետորաբանություն կկիրառեն։ Իշխանությունը լավ գիտի, որ հասարակական սպասելիքներն այդ ուժերից չեն ու հանգիստ կարող է «մրցել» նրանց հետ, ինչպես որ «մրցում» էր իշխանությունը Գեղամյանի հետ 2003թ. և 2008թ.։
Գագիկ Ծառուկյանի որոշման շարժառիթները
Տեսնելով, որ լայն համախմբում ապահովել չի հաջողվում, և հետևաբար՝ հնարավոր չէ մինչև բուն ընտրության օրը փլել ընտրակեղծիքների մեքենան ու կազմալուծել իշխանական բուրգն այնպես, ինչպես Իջևանում, ԲՀԿ–ն դուրս եկավ խաղից՝ «Դուք էլ, ձեր բորշչն էլ, ձեր գդալն էլ» թեմայով։ Ֆինանսապես ինքնաբավ Ծառուկյանին դուր չեկավ այն, որ մարդիկ գալիս են իր հետ հանդիպման ու բան պայմանավորվում, իսկ հետո վազում են Սերժ Սարգսյանի մոտ՝ իրենց գինը բարձրացնելու։
Հարցն այն չէ, որ ԲՀԿ–ի հույսը ՀՅԴ–ն էր։ Իհարկե լավ կլիներ, որ կայանար ԲՀԿ–ՀՅԴ–ՀԱԿ միասնական ճակատը, բայց խնդիրը տվյալ դեպքում հոգեբանական բնույթի է։ Ռիսկի գնալու պատրաստ Գագիկ Ծառուկյանին առաջադրվելուց հետ պահեց բախումից խուսափելը։ Պարզ է, որ առանց ՀՅԴ–ի ու «ժառանգության» էլ ԲՀԿ–ՀԱԿ միավորումը կարող էր ջարդել իշխանական մեքենան, բայց դա արյունահեղության տարբերակն էր, ինչից ձեռնպահ մնաց Ծառուկյանը, ում կարելի է մեղադրել ամեն ինչի, բայց ոչ ծախվածության ու ջանքեր չգործադրելու մեջ։
Ծառուկյանի որոշումն, ըստ իս, քաղաքականապես ճիշտ չէր, բայց նա արեց այնքան, որքան կարող էր և հնարավոր չէ չգնահատել նրա որոշումը։ Եվ ամենակարևորը՝ ԲՀԿ–ն իր որոշմամբ վերջակետ դրեց իբր Սարգսյանին սատարելու մասին տարածվող «մուտիլովկաներին»։
Լևոն Տեր–Պետրոսյան մինուս կոնսենսուս
Եվ այսպես, «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը իշխանությանը հաջողվեց քանդել։ Ինչպես արդեն նշեցի՝ տարբեր փուլերում «երկխոսեցվեցին» «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն։
ԲՀԿ–ին «երկխոսացնել» և սատարում կորզել չհաջողվեց, բայց հաջողվեց խաղից դուրս թողնել։
Այժմ իշխանության միակ թիրախը մնացել է ՀԱԿ–ը։ Այդ կառույցն իշխանության կողմից տոտալ հարձակման է ենթարկվել Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հրապարակման հաջորդ օրվանից։ Բայց որքան էլ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի որոշ անդամների իշխանությունը պոկեց ՀԱԿ–ից ու հաճախորդացրեց, միևնույն է, չկարողացավ այլընտրանքային փողոց ձևավորել և առաջին նախագահին զրկել տիտղոսային ընդդիմության առաջնորդի կարգավիճակից։ Անգամ կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀԱԿ–ը ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժը դարձավ, այլընտրանքի կարգավիճակում գտնվող ԲՀԿ–ից հետո։
Փողոցը Տեր–Պետրոսյանի ձեռքից խլելու գործում իշխանության հույսերը չարդարացրին ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ Արամ Սարգսյանը, ո՛չ էլ բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջադրանք էին ստացել ներսից քանդել ՀԱԿ–ը։
Իշխանության գործուն միջամտության հետևանքով հիմա մենք ունենք «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» վիճակից «Լևոն Տեր–Պետրոսյան մինուս կոնսենսուս» վիճակ։ Այսինքն՝ Իջևանում կոնսենսուսի եկած ուժերից ԲՀԿ–ն դուրս է եկել պայքարից, իսկ ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» հայտնվել են իշխանական տիրույթում՝ կոնսոլիդացվելով Սերժ Սարգսյանի շուրջը։ Մնացել է միայն ՀԱԿ–ը։
Սա՛ է այն դաժան իրականությունը, ինչի մասին գրել էր նաև «Սիվիլիթասի» փորձագետ Թաթուլ Հակոբյանը։ Ընդունում ենք ՀԱԿ առաջնորդին, թե ոչ, դուր են գալիս նրա հայացքները, թե ոչ, չենք կարող չարձանագրել, որ նա է քաղաքական դաշտի հաշվեկշռի ակտիվում մնացած միակ սուբյեկտը։ Դա, ինչպես ասում են, բժշկական փաստ է։
Կորյուն Մանուկյան
Комментариев нет:
Отправить комментарий