Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

28.11.2012

Նա էլ էր պատմաբան

Եթե անկեղծ լինեմ, ապա շատ ցավում եմ, որ հենց պատմության ֆակուլտետը հայտնվեց սկանդալի կենտրոնում:


Մի տեսակ տագնապով եմ հետեւում զարգացումներին, որովհետեւ, եթե առանց դրա էլ պատմագիտության նկատմամբ անվստահությունը տարածված էր մեզանում, ապա այժմ բազմաթիվ մարդիկ նոր կռվան են գտնում՝ պատմությունը կեղծ գիտություն է, պատմաբանները խաբեբաներ են պնդումների համար: Ինչպե՞ս բացատրել մարդկանց, որ պատմագիտությունը ոչ միայն կեղծիք չէ ինքնին, այլեւ հասարակագիտության եւ մարդագիտության հիմքն է եւ գիտելիք է ոչ թե անցյալի մեռած փաստերի, այլ հասարակության կենդանի օրինաչափությունների եւ մարդու` որպես հասարակական էակի վարքի մասին: Կարելի է բերել տեսական բազմաթիվ փաստարկներ, որոնք գուցե ընդունելի լինեն մասնագետներին, բայց մարդիկ իրենց աչքի առջեւ տեսնում են ստալինիստական պատմագիտական կեղծարար դպրոցի արդեն որերորդ սերունդը, եւ այդ կենդանի օրինակն ավելի համոզիչ է, քան պատմության ջատագովության տեսական փորձերը: Ի՞նչ անել:
Երկար մտածելուց հետո որոշեցի պարզապես մի պատմություն պատմել: Պատմություն մի մարդու մասին, որը լինելով հայտնի պատմագետ եւ հենց «Պատմության ջատագովություն» անվամբ գրքի հեղինակ, իր կյանքով ապացուցել է, որ իրական պատմությունը գիտություն է կենդանի իրողությունների եւ հասարակական արդարության մասին, կյանքի ու մահվան հարց է, այլ ոչ թե իրենց չորս պատերում զմռսած «գիտության քրմերի» ինքնանպատակ գիտելիք կամ առավել եւս ամեն տվյալ` ներկա պահի արդարացման կեղծարար գործիք: Խոսքը հայտնի ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի մասին է: Նա ակադեմիական գիտնական էր, առանձին պատմագիտական դպրոցի հիմնադիր, որը յուրահատուկ գիտական հեղափոխություն էր իր ժամանակի պատմագիտության համար, քանի որ պատմաբանի ուշադրությունը սեւեռում էր հասարակական կառուցվածքների, կոլեկտիվ մտածողության վրա` ի հակադրություն զուտ պատմողական պոզիտիվիստական պատմագրությանը: Նա հեղինակ է հիմնարար հետազոտությունների, որոնց թվին է պատկանում «Ֆեոդալական հասարակություն» երկհատորյակը (որն էլ, ի դեպ, արժեր, որպեսզի կարդային մեր բազմազբաղ վերլուծաբաններն ու փորձագետները նախքան Հայաստանում ֆեոդալիզմ փնտրելն ու նույնիսկ գտնելը): Սրանք Բլոկի կենսագրության ակադեմիական տվյալներն են: Կա նաեւ նրա կյանքի մյուս կողմն՝ առաջին հայացքից ակադեմիականի հետ կապ չունեցող: Բլոկը որպես զինվոր մասնակցել է երկու համաշխարհային պատերազմներին: Արդեն 52 տարեկան հասակում՝ 1940-ին, թողնելով Սորբոնում պրոֆեսորի իր պաշտոնը նա կապիտանի կոչմամբ միանում է Գերմանիայի դեմ պատերազմող ֆրանսիական բանակին: Ֆրանսիայի պարտությունից որոշ ժամանակ անց՝ 1942-ին «ֆրանսիական բանակի ամենածեր կապիտանը» եւ 6 երեխաների հայրը միանում է ընդհատակյա Դիմադրության շարժմանը՝ Նորբոն կեղծանվամբ եւ դառնում իր հայրենի Լիոնի Դիմադրության ղեկավարներից մեկը (չնայած նա հնարավորություն ուներ պարզապես փախչելու երկրից, բայց հրաժարվեց): Նրա ընտրությունը պատահական չէր: Նրա համար մասնակցել Դիմադրությանը` նշանակում էր պատերազմել հանուն իր հասկացած Պատմության, որը նա նույնացնում էր ազատության իդեալի հետ եւ համարում, որ ֆրանսիական միջին դասը, դավաճանելով եւ հրաժարվելով պատմությունից եւ ազատությունը պաշտպանելու ֆրանսիական առաքելությունից, հող պատրաստեց երկրի ռազմական պարտության համար: Սա եզակի դեպք է, երբ 50-ն անց ակադեմիական գիտնականը զենքը ձեռքին պաշտպանում էր իր իսկ մշակած գիտական տեսության սկզբունքները, ընդ որում` ոչ թե պարտադրմամբ, այլ կամավոր: Զենքը ձեռքին՝ հանո՛ւն գիտության եւ պատմության տեսության: Բայց նա բաց չէր թողնում իր ձեռքից նաեւ գրիչը: Ընդհատակում նա գրում է պատմագիտության տեսությանը եւ մեթոդաբանությանը նվիրված իր գործը՝ «Պատմության ջատագովություն»-ը: Աշխատությունը ակադեմիական է, չնայած գրված է մատչելի եւ պարզ ոճով: Բայց հարցադրումը, որից սկսվում է գիրքը` կենսական է: «1940-ին՝ գերմանացիների Փարիզ մտնելու օրը, մենք մտորում էինք պարտության պատճառների մասին: Արդյո՞ք պատմությունը խաբել է մեզ` քթի տակ հարցրեց մեկը»,- գրում է հեղինակն իր նախաբանում: Եթե պատմությունը կարող է խաբել, ապա պարզ է, որ դա ինքնանպատակ գիտելիք չէ, այլ ավելի լայն՝ բարոյական, հասարակագիտական հարցադրում: Բլոկի կողմնորոշումն այս հարցում թեեւ էմոցիոնալ առումով զուսպ է, բայց` աներկբա: «Այժմ, երբ գրում եմ այս տողերը, մեր ընդհանուր գործը ենթակա է բազմաթիվ վտանգների... Մենք ժամանակավորապես պարտված ենք...»,- գրում է նա, գիրքը նվիրելով իր ընկերոջն ու համախոհին՝ պատմաբան Լյուսիեն Ֆեւրին՝ նույնացնելով իրենց գիտական զբաղմունքներն ու քաղաքացիական դիրքորոշումը: Այսինքն՝ Բլոկի համար պատմության տեսությանը նվիրված գիրքը գրելու գործը նույնպես մաս էր Դիմադրության: «Պատմության ջատագովությունն» անավարտ մնաց: 1944-ի հունիսի 16-ին գեստապոյի կողմից ձերբակալված պատմաբանը գնդակահարվում է: Մահից առաջ նա դիմանում է բոլոր խոշտանգումներին եւ չի հանձնում ո՛չ իր ընկերներին, ո՛չ էլ Դիմադրության հայտատեղերն ու գաղտնաբառերը: Մինչեւ գերմանացիներից երկրի ազատագրումը մնում էր ուղիղ երկու ամիս... Լյուսիեն Ֆեւրը գտնում է Բլոկի ձեռագիրն ու հրատարակում: Պատմաբանի գերեզմանին գրված է «Dilexit veritatem»՝ «սիրում էր ճշմարտությունը»:
Ուստա Հրանտ

Комментариев нет: