Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.08.2012

Հաղորդագրություն հանցագործության մասին


Երկու օր առաջ Կոմիտասի երեսուն հասցեում անհայտ մարդասպանները սպանեցին իմ հարևանուհուն ու մանկության ընկերուհուն Լուսինե Ղազարյանին: Լուսինեն լինելով ինձնից հինգ տարի մեծ, մեծ քրոջ պես իմ կողքին կանգնած է եղել, ցանկացած հարցում: Նա մեր բակի ամենագեղեցիկ ու ամենաազնվագույն աղջիկն էր, սակայն կյանքը այնպես դասավորվեց, որ սեփական ընտանիքը չկազմեց. սկզբում խնամում էր հիվանդ ծնողներին, իսկ հետո արդեն երբ հերթը հասավ սեփական ընտանիք կազմելուն, շատ քմահաճ էր դարձել ու վախենում էր ընտանիք կազմել: Ծնողների մահից հետո նա տանը ապրում էր մենակ ու անհամբեր սպասում էր սեպտեմբերի մեկին, որ գնա դպրոց ու ուսուցանի իր աշակերտների հաջորդ հոսքին:
 Այսքանը գրածիս ուղղակի բնութագրական մասն է ու նպատակ չունեմ, ոչ մարդկանց հուզել, ոչ էլ նրանց մոտ խղճահարություն առաջացնել, պարզապես նախաբանով ցանկացա հասնել բուն սպանության դեպքին: Միանգամից ասեմ, որ սպանության հիմնական վարկածը գողության նպատակով տուն մտնելն էր, ու քանի որ տանտիրուհին արթնացել էր և տեսել  (հավանաբար նաև ճանաչել) գողին, գողերը որոշել էին նրան սպանել: Այս դեպքը ոչ Հոկտեմբեր քսանյոթ է, ոչ Մարտի մեկ՝ որտեղ իշխանությունները նպատակ ունեն թաքցնելու սպանություննրը, ոչ էլ Վահե Ավետյանի սպանությունը, որը կրկին իշխանությունները նպատակ ունեն իրենց մերձավոր օլիգարխին փրկել, սա մի դեպք է, որը կարող է պատահել աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդու հետ, սակայն այն ինչ տեղի ունեցավ սպանությունից հետո, այ դա է սահմռկեցուցիչ: 
Այսուհետ գրածներս կարող եք համարել հաղորդագրություն հանցագործության մասին:
Նախ, սպանության ժամանակ ներքևի հարևանուհին ձայներ է լսում և զանգահարում ոստիկանություն, որ իր կարծիքով հանցագործություն է տեղի ունենում իրենց մուտքում: Զանգից քսան րոպե անց, առավոտյան հինգի սահմաններում, շենքի բակում հայտնվում է ոստիկաության ՊՊՍ մեքենան և շրջելով շենքի բակում հայհոյելով հեռանում է, որ իբր կեղծ ահազանգ էր: Նրանք նույնիսկ չեն թակում իբր կեղծ ահազանգողի դուռը, որ ստուգեն, որ ահազանգը կեղծ էր թե ոչ: Դրանից հետո նույն հարևանուհին կրկին է զանգահարում ոստիկանություն և հայտնում, որ վերևի հարևանուհին հեռախոսազանգերին չի պատասխանում: Դրանից մեկ ժամ հետո կրկին գալիս է ոստիկանությունը և կրկին չի մտնում տուն այլ սպասում է, որ իբր գա ՄՉՍ-ի մեքենան որ մտնեն ձայներ լսված տուն: ՄՉՍ-ի մեքենան ահազանգից մոտ երկու ժամ հետո էլ չի գալիս պատճառաբանելով որ բրիգադ չունեն, որից հետո հարևաններից մի տղա, ով նաև բժիշկ է, ոստիկանների ներկայությամբ պատշգամբով պարձրանում է երկրորդ հարկ, որտեղ և Լուսինեենց տունն էր:
Նա Լուսինեին գտնում է մահացած, ներսից բացում դուռը ու ոստիկանները մտնում են ներս: Ոստիկանները մտնելով ներս հայտարարում են, որ Լուսինեն հանկարծամահ է եղել, քանի որ տունը խառնած չէ և տնից բան չի պակասել, իսկ Լուսինեի վրայի բռնության հետքերն էլ պատճառաբանում են նրանով, որ մահվան ժամանակ գետին է ընկել և այդ պատճառով են հետքեր առաջացել: Արաբկիրի բաժնում դեպքը գրանցում են որպես դիակի հայտնավերում, դիակը ուղարկում դիահերձարան և ոստիկանները հեռանում: Ոչ տունն են ուսումնասիրում ոչ մատնահետք ու ոտնահետք վերցնում և այդ ամբողջ օրվա ընթացքում մահացածի տուն հարյուրավոր մարդիկ են այցելում: Միայն մահվան հաջորդ օրը, դիահերձարանում հաստատվում է որ Լուսինեն խեղդամահ է արված և դրանից հետո քաղաքի հարյուրավոր ոստիկաններ թափվում են մեր բակ: Ոստիկանների միջին տարիքը քսանհինգ տարեկան էր և դժվար է ասել նրանցից որևէ մեկը գիտեր ինչի է այցելել սպանության վայր: Տպավորությունն այնպիսին էր, որ այդ երիտասարդները ոստիկանություն էին ընդունվել «ուդո» ունենալու, մեկ-մեկ պլանքյաշ բռնել փող առնե բաց թողնելու ու միտինգներին պառավներին ու երիտասարդ ակտիվիստներին քֆուր տալու ու ծեծելու համար, իսկ հանցագործություն բացահայտելը, այն էլ մեռելոցի օրով նրան համար սարսափելի չցանկալի աշխատանք էր:
Մի կողմ դնենք, որ Լուսինեն իմ մանկության ընկերն է եղել, հիմա ես ինչպես վերաբերվեմ մեր ոստիկանությանը, որը նախ ահազանգով եկել է դեպքի վայր ու հեռացել, երկրորդ, որ մի ամբողջ օր նպաստել է, որ հանցագործների հետքերը վերանան: Այսքանից հետո էն պոռոտախոսությունները, որ մենք ոստիկանություն ունենք, ազգային անվտանգություն ու բանակ ունենք, պարզապես ջուր ծեծոցի են, մենք ունենք մի պետություն, որը էնքան թույլ ու փնթի է, որ չի կարողանում պաշտպանել նույնիսկ իր ուսուցչուհուն ու բժշկին, էլ չասած այն մասին, որ որ ոչնչացնում է նրանց ով փորձում է այս երկրում որևէ դրանակն բան փոխել:

2 комментария:

Blognews комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Վահագն Ղուկասյան комментирует...

Հեղինակին, նախնական երկու հարց եմ ուզում տալ`

1. Ի՞նչ կարողությունների տեր է եղե՞լ Հասմիկը։

2. Դուք Ճանաչում ե՞ք Հասմիկի ամենամոտ` ընկերուհուն, ընկերոջը։