Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

24.07.2012

Նույնիսկ կալանավայրում ամեն վայրկյան չեմ դադարի պայքարել. Սարգիս Գևորգյան


«Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» ակցիայի ժամանակ Lurer.com-ը զրուցեց 2 տարի ժամկետով դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանի հետ, ում խոսքերով՝ օգոստոսի 9-ին իրենց վրա հարձակվել են համազգեստով անձինք, որոնց դատարանը, նախաքննական մարմինն ու իշխանությունը փորձում են ներկայացնել որպես ոստիկաններ, սակայն ամեն օր նրանք իրենց պահել ու պահում են շարքային հանցագործների պես։
«Այդ օրվա՝ մեզ վրա հարձակումը ոչ մի ընդհանուր կապ չուներ ոստիկանության գործառույթների հետ»,- ասաց նա։
Այն հարցին, թե ինչ զգաց դատավճիռը կարդալու ժամանակ, Սարգիսը պատասխանեց.
«Զգացի, որ դեռ շատ անելիք ունենք ու չենք հասել հաղթանակին, չենք փոխել ռեժիմը և ապօրինի իշխանությանը չենք կարողացել փոխարինել օրինական իշխանությունով, այն իշխանությունով, որը թույլ չի տա, որ սեփական քաղաքացիները հալածվեն ու բռնության ենթարկվեն իրենց քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների համար»։
Սարգիս Գևորգյանի խոսքով՝ ինքը հույս չունի, որ կարդարացվի և իր պաշտպանության ճառում նույնպես նշել է դա։ Սակայն դատապարտյալ ակտիվիստները կդիմեն ամեն միջոցների՝ արդարության վերահաստատման համար, վերաքննիչ դատարանից մինչև Եվրոդատարան, իսկ մինչ այդ պայքարում են փողոցներում։
«Իսկ չարդարացվելու պարագայում նույնիսկ կալանավայրում ամեն վայրկյան չեմ դադարի պայքարել»,-եզրափակեց նա։
Lurer.com-ը զրուցեց նաև ՀԱԿ ակտիվիստ Եվա Թովմասյանի հետ, ով օգոստոսի 9-ին ականատես է եղել հարձակմանը. «Այդ օրը քաղաքում մենք զբոսնում էինք, ես աչքերովս ականատես եղա կարմիր բերետավորների սարսափելի պահվածքին, թե ինչպես տղաներից ամեն մեկին քաշեցին մի կողմ՝ մի քանի հոգի ոտքերից, մի քանիսն էլ ձեռքերից բռնած, առանց նայելու, թե մարմնի որ մասին են խփում, սկսեցին ծեծել։ Այս ամենը տեղի է ունեցել մի քանի վայրկյանի ընթացքում, ինձ էլ էին բռնել և չէին թողնում, որ օգնության հասնեմ տղաներին։ Անմիջապես կողքս գտնվող Դավիթ Քիրամիջյանին ձեռքերն ոլորած անընդհատ սեղմում էին մեքենայի առաջամասին, իսկ վերջինիս շունչը արդեն կտրվում էր։ Սարսափելի էր»։ Այսքանից հետո Եվան ապշած էր, թե ինչպես կարելի էր այս ամենից հետո տղաներին նման պատժի ենթարկել՝ ներկայացնելով նրանց որպես մեղադրյալների։
Ի դեպ, Եվան դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա։
Հիշեցնենք՝ յոթ երիտասարդները 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախում էին ունեցել, որի հետևանքով էլ բերման էին ենթարկվել և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Նրանցից 6-ին չբացակայելու ստորագրությամբ ազատ էին արձակել, իսկ Տիգրան Առաքելյանը շարունակում է կալանավորված մնալ, քանի որ մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարի ժամկետով։

Լիլիթ Լալայան

Комментариев нет: