Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

31.07.2012

Ձոն առ սեխն ալտրուիստ


Սրանք ինձ չկերան: Սրանց ուզածն ի՞նչ էր ինձանից, էդպես էլ չհասկացա:

Ինձ անտերուդուս ցանկապատի տակից չեն գտել, է՞, ես հնամյա տոհմից եմ սերվել, ու իրենք եկել` հանդիսավոր պայմաններում հարյուրավորների միջից հավանել-գնել են հե’նց ինձ: Որ ուտեն: Իմ տոհմակիցներն են ինձ ասել: Ասել են` Բնությունը սեխերիս ստեղծել է, որ մեզ վայելեն: Մեզ վայելելն էլ, ասել է, մեզ ուտելն է: Չէի ասի, թե շատ հաճույքով եմ ընդունել էս լուրը, բայց մերոնք ականջիս տակ էնքան սվսվացին ու էնքան անուշ սվսվացին էդ պայծառ հեռանկարի մասին, որ աստիճանաբար էս տհաճ լուրը երազանք դարձավ: Կարոտով սպասում էի, թե երբ եմ չափահաս դառնալու, որ գան` ինձ առոք-փառոք տանեն` վայելելու:
Եկան: Չսակարկեցին: Ինչքան առաջարկեցին, էնքան էլ վճարեցին: Դե, որովհետեւ շատ սիրուն եմ` ձվաձեւ, ոսկեգույն, հոտավետ: Էս ի՞նչ տարօրինակ են: Լսե’ք, էս ի՞նչ եք անում: Էն մեկը գրկեց ինձ, շոյեց, հետո տվեց մյուսին, նա էլ գրկեց` շոյեց, էն մեկն էլ կողքից նայում` ժպտում էր, էն մյուսն էլ էր ժպտում: Հետո ինձ տվեցին էն ժպտացողներից մեկին, նա էլ վերցրեց ու դրեց գլխի տակ: Ի’նձ: Հետո հանեց գլխի տակից, այտը հենեց այտիս ու քնեց: Էս ինչ տաք է: Ես էլ քնեցի:
Հետո միասին արթնացանք: Խոսում են: Ինձ ուտելու մասին մտածող չկա: Հետս լուսանկարվում են: Էս կարո՞ղ է խելառների ձեռքն եմ ընկել: Էսքան սպասեմ, տոհմիկ թփիս հենված համբերությամբ մեծանամ, հասունանամ, չափահաս դառնամ, որ էս մեեեեեծ աշխարհում խելառների ձե՞ռքն ընկնեմ: Ա’յ… ձեր հոգուն մեռնեմ, դե’ առել եք, կերեք, ձե՞ռ եք առնում: Ինչ ասա՞ց… Ասում է` հաղթելու ենք: Էն մեկն էր, որ գրկեց ինձ, շոյեց, հետո տվեց մյուսին: Ազատությու~ն եմ ուզում` էս էլ էն մյուսն էր, որ գրկեց ինձ, շոյեց, հետո տվեց մյուսին:
Չէ, հաստատ խելառ են. ազատությունն էլ ո՞նց է լինում, պառկում եք կանաչ խոտին, վեր եք կենում, քայլում եք, երգում եք, ուզում եք` ուտում եք, չեք ուզում` չեք ուտում: Ի’նձ: Եթե ուզենայի, ես կարո՞ղ էի իմ թփից կեսքայլ էն կողմ գնալ: Եթե դուք ինձ չընտրեիք, ես կիմանայի՞, որ աշխարհն էսքան մեծ ու էսքան սիրուն է: Եթե խելառների ձեռքն ընկած չլինեի, հիմա ինձ վաղուց վայելած չէի՞ն լինի:
Ինչ ասա՞ց… Լեւոննախագա՞հ… Էն տաքուկն էր, է’ն, որ հետը քնեցի: Էս ավազակներից ե՞րբ ենք ազատվելու` էս էլ ինձ լուսանկարողն էր: Էն մեկն էլ հա’ ժպտում է, չնայած հարցն իրեն էր ուղղված: Ի՞նչ ես ժպտում, պատասխանիր` ե՞րբ եք պրծնելու էդ ավազակներից, որ ես էլ իմանամ` ինձ երբ եք ուտելու: Չէ, ժպտում է: Էնքան էլ բարի է ժպտում, թեւաթափ ես լինում:
Չկերան ինձ: Ազատությունը գովերգեցին, ինչ-որ սերժառոբերի մի կուշտ հայհոյեցին ու վեր կացան: Էն բարի ժպտացողը գրկեց ինձ, եկանք էն լուսանկարողի տուն: Էստեղ ոչ ազատությունից խոսեցին, ոչ էլ սերժառոբից, ոչ էլ` Լեւոննախագահից: Մեկն ասաց` ուտենք, մյուսն ասաց` չէ, երրորդն ասաց` չէէէէէէէէ, չորրորդն ասաց` էէէէէէէէ, չէ’: Ու էն ժպտացողն ինչ-որ դուռ բացեց, ինձ խցկեց ներս ու դուռը փակեց:
Հիմա խավարի մեջ նստած եմ: Մրսում եմ: Ո~նց եմ մրսում: Զգում եմ, որ մենակ չեմ, բայց երեւի բոլորն էլ ինձ նման մրսում են, չեն խոսում: Ի՞նչ: Մի նվաղած ձայն լսեցի` էս եմի՞շ է: Իիիի՞նչ… Լսիր, չգիտեմ` ով ես, ի’նչ ես, ո’ր անտերուդուս թփի տակից, որ չոռոտ ծառի վրայից են պոկել-բերել քեզ, բայց ես եմիշ չեմ, ես ազնվատոհմիկ սեխ եմ` ձվաձեւ, ոսկեգույն, հոտավետ, չափդ ճանաչիր, հա՞: Սսկվեց: Ի՞նչ թաքցնեմ. Մեր ազնիվ տոհմում եմիշներ էլ կան, դրանք արտաքինից ինձ նման ձվաձեւ են կամ տատիս նման կլորիկ, ոսկեգույն էլ են, բայց ոչ հոտ ունեն, ոչ էլ` համ: Դրանք ոչ էլ մտածում են վայելք դառնալու մասին, դրանք մեր արմատների հյութը քաշում են իրենց մեջ, քաշում են-քաշում ու նեխում: Ու որ նեխում են, շուրջը գարշահոտ են տարածում…
Չլինի՞ էդ ազատասեր լեւոնականներն էլ էին ինձ եմիշի տեղ դրել: Լսե’ք, էհեհեհեհեեեեեեեեեյ, բացեք դուռը, ազատություն եմ ուզում, ազատություն, ես եմիշ չեմ, է’, որ համակերպվեմ էս անտարբերությանն ու խավարին, լույս եմ ուզում, ջերմություն եմ ուզում, ազատություն եմ ուզում, ուզում եմ իմ գոյությունը վայե’լք դառնա…
Չեմ հիշում` ինչքան եմ բղավել, բայց մի բան հաստատ գիտեմ ու համոզվեցի սեփական ոսկեգույն կլեպիս վրա` եթե ազատություն ես ուզում, եթե պայքարում ես քո ազատության համար, անպայման հասնում ես: Ու ես հասա: Դուռը բացվեց, լուսավորվեց շուրջս, ու էն լուսանկարողը զգուշորեն գրկեց ինձ. ձեռքերը տաք-տաք էին, հարազատի ձեռքեր էին: Էնքան տաք էին ու հարազատ, որ երջանկությունից հալվեցի ու քնեցի: Քնիս մեջ զգում էի, որ ինչ-որ տեղ է տանում: Մտածեցի` չլինի՞ նորից էքսկուրսիա է… Ու էլի քնեցի: Երբ արթնացա, տաք-տաք ձեռքեր էին շուրջս: Շատ էին: 
Ուզում էի հարցնել` հասա՞ք ձեր ուզած ազատությանը: Բայց էնքան տաք էր շուրջս, նորից քնեցի: Քնելուց առաջ հասցրի շշնջալ` հաղթելու եք: Չիմացա` լսեցին-չլսեցին…

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ     

Комментариев нет: