Տիրանայում երեկ տեղի է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը ներկայացրել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության 13 էջանոց զեկույցը, ըստ որի` ընտրական գործընթացը եղել է մրցակցային եւ հիմնականում խաղաղ, իսկ հավաքների ազատությունը, արտահայտվելու եւ տեղաշարժվելու իրավունքները, ընդհանուր առմամբ, պահպանվել են: Սրա հետ մեկտեղ, ընդգծվում է, որ բռնության դեպքեր են արձանագրվել: Որպես օրինակ նշվում է, որ ՀՀԿ-ի կողմնակիցները հարձակվել են ՀԱԿ-ի թեկնածուների եւ ակտիվիստների վրա այն ժամանակ, երբ նրանք քարոզչական նյութեր էին բաժանում: Զեկույցում արձանագրվել է, որ ընտրացուցակներում ընտրողների թվի անճշտության, ընտրողների ձայների գնման, զեղծարարությունները հեշտացնելու նպատակով անձնագրեր տալու եւ ընտրողներին վախեցնելու մասին հայտարարություններ են հնչել: Առանձին կետով մտահոգություն է հայտնվում, որ թեկնածուները միշտ չեն հետեւել պաստառների եւ քարոզչական նյութերի օգտագործման մասին օրենքին. հասարակական տրանսպորտում եւ վարչական շենքերի վրա` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին պատկանող պաստառներ են նկատվել:
Զեկույցը փաստում է, որ ընտրություններում օգտագործվել է վարչական ռեսուրսը: Որպես օրինակ նշվում է, որ ՀՀԿ-ն ուսուցիչներին ու աշակերտներին ակտիվորեն ներգրավել է իր քարոզչական միջոցառումներին, այդ թվում` դասերի ժամանակ: ՀՀԿ դրոշն ու քարոզչական պաստառները տեղադրվել են դպրոցների շենքերի վրա: Ըստ զեկույցի, արձանագրվել են ընտրողների վրա ճնշման այնպիսի դեպքեր, ինչպիսիք են` ՀՀԿ-ի հանրահավաքներին հարկադրաբար մասնակցելը եւ ընդդիմության ցույցերին մասնակցելու արգելքները: Նշվել է նաեւ, որ ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին պատկանող ընկերությունը նախընտրական շրջանում 500 տրակտոր է բաժանել, ինչը հակասում է ընտրական օրենսգրքին, սակայն, ԿԸՀ-ն պնդել է, որ դա չի հակասում օրենքին:
Համաձայն զեկույցի, ոստիկանությունն ու դատախազությունը արձագանքել են ընտրախախտումների մասին տեղեկություններին, սակայն մեղադրանքներ չեն ներկայացրել պոտենցիալ խախտողներին, իսկ խախտումների մասին որոշ գործեր փակվել են:
«Ընտրությունների օրը» գլխում նշվում է, որ միջազգային դիտորդները մայիսի 6-ին այցելել են 1982 ընտրատեղամասերից մոտ 1000-ը: Նշվում է, որ քվեարկության գործընթացի մեկնարկը դրական է գնահատվել դիտորդների այցելած ընտրատեղամասերի մեծ մասում, իսկ ընտրատեղամասերի 10 տոկոսի դեպքում բացասաբար է գնահատվել: Մինչդեռ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ չափանիշներով, 5 տոկոսն արդեն իսկ մտահոգիչ է, իսկ 10 տոկոսից ավելին` խիստ մտահոգիչ է: Ընդգծվել է նաեւ, որ ընտրատեղամասերում գտնվող դիտորդները այնպիսի զգացողություն են ունեցել, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք իրենց պահել են այնպես, կարծես` ընտրական գործընթացի տերն են, ինչը նշանակում է` վերահսկել են ընտրությունների ընթացքը:
Դիտորդների աչքից չի վրիպել նաեւ, թե ինչպես են երիտասարդների 10-15 հոգանոց խմբերը հավաքվում ընտրատեղամասերի մոտ եւ ընտրության գնացողների ականջին ինչ-որ բան փսփսում` մինչ նրանց ընտրատեղամաս մտնելը:
Ըստ զեկույցի, դիտորդները նկատել են, որ ընտրողներին ցանկացած միջոցներով վախեցնելը իշխող կոալիցիայի նպատակասլաց եւ լավ կազմակերպված աշխատանքի հետեւանք է: Ընտրությունների օրը արձանագրված խախտումներից նշվել են նաեւ ընտանիքներով ու խմբերով քվեարկության դեպքերը, քվեարկության գաղտնիության բացակայությունը, մասնավորապես` ընտրատեղամասերում կուտակումները հանգեցրել են նրան, որ ընտրողները քվեարկել են սեղանների վրա:
Առանձին անդրադարձ կա անձնագրերում դրված կնիքներին, որոնք նախատեսված 12 ժամից ավելի շուտ են անհետացել: Մինչդեռ, ըստ զեկույցի, անձնագրերում կնիքներ դնելու նպատակը կրկնակի քվեարկությունների բացառումն է եղել: Առանձին կետով արձանագրվում է, որ քվեաթերթիկների հաշվելու գործընթացը բացասաբար է գնահատվել ընտրատեղամասերի 1/5-րդում: «Ընտրողների ցուցակում չի հաշվարկվել ընտրողների ստորագրությունների թիվը, իսկ որոշ ընտրատեղամասերում հաշվարկն իրականացվել է ոչ թափանցիկ: Կողմնակի անձինք են նկատվել այցելած չորս ընտրատեղամասերից մեկում: Ընտրությունների արդյունքների կամ արձանագրությունների կեղծման առանձին դեպքեր են եղել: Եղել են նաեւ քվեաթերթիկների լցոնման առանձին դեպքեր»,- նշվում է զեկույցում:
Զեկույցի վերջնական եզրակացությունը սա է. «Հայաստանի իրավասու մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը ընտրությունների նկատմամբ հանրության մոտ վստահություն ստեղծելու համար` երաշխավորելով ընտրական ողջ գործընթացի արդարությունը: Մինչեւ ընտրությունները դիտորդների կողմից դիտարկված հիմնական խնդիրներից մեկը եղել է հասարակության հավատի պակասը ընտրական գործընթացի նկատմամբ: Խնդիրներից մեկը, որ նպաստել է դրան` ընտրական ցուցակների անճշտություններն էին, որոնք շահարկումների տեղիք տվեցին, որ արտերկրում գտնվող, բայց դեռեւս ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ձայները օգտագործվելու են: Ընտրական ցուցակների ճշգրտությունը, ինչպես նաեւ ընտրողների վրա որեւէ ճնշման բացակայությունը թե՛ ընտրարշավի, թե՛ քվեարկության օրը նախադրյալներ են արդար ընտրությունների համար: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում չեն ապահովվել այս նախադրյալները»:

Комментариев нет:
Отправить комментарий