Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

11.04.2012

ՀՀԿ-ի հետ ճամփա է ընկել

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին երեկ հարցրի` կուսակցության համամասնական ցուցակը, ստացվում է, կեղծիքո՞վ է կազմվել:

Ավելի վաղ, ինչպես հայտնի է, կինոռեժիսոր, ընդդիմադիր «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը մեր զրույցում հաստատել էր, որ իր կինը` Նարինե Միրզոյանը, ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում ու միաժամանակ հայտարարել էր, թե նա առանձնապես չի էլ իմացել, որ իր անունը ՀՀԿ ընտրական ցուցակում է լինելու:
«Սա ինչ-որ վերեւից իջեցված ցուցակային մոտեցում է»,- ասել էր կինոռեժիսորը` հավելելով, որ կատարվածից իրենք էլ են զարմացել: Անդրադառնալով այս մեղադրանքներին` ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Դուք էլ, որպես քաղաքացի, տեղյակ եք, որ հնարավոր չէ առանց մարդու ստորագրության, հնարավոր չէ առանց հայտարարագիր լրացնելու, հնարավոր չէ առանց դիմում գրելու, առանց համաձայնության` մարդուն ընդգրկել այս կամ այն համամասնական ցուցակում: Անկախ նրանից, թե ով է ասում, դա իրականությունից կիլոմետրերով հեռու է: Դա ուղղակի ծիծաղելի է, ես այլեւս չեմ մեկնաբանում: Ես իմ ասելիքն ասացի: Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»:
Տիգրան Խզմալյանը նաեւ հայտարարել էր, թե կինը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել` հավաստելու, որ պարտավորվում է պատգամավոր չդառնալ: «Ի՞նչ է սա նշանակում»,- հետաքրքրվեցի Էդուարդ Շարմազանովից: «Ես տեղյակ չեմ` ինչ է ստորագրել»,- ասաց նա` շարունակելով. «Նախ, ես կարծում եմ, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ոք ինքը պետք է իր փոխարեն կարծիք հայտնի: Ես շատ հարգում եմ, որ իրենց ընտանիքում միասնություն է, ամուսինը կնոջ փոխարեն խոսում է, բայց կարծում եմ, որ նորմալ երկրներում, նորմալ հասարակություններում ամեն մեկն ինքն իր փոխարեն կարող է խոսել»: Իսկ ահա Նարինե Միրզոյանին համամասնական ցուցակում ընդգրկելուց հետո ՀՀԿ-ն իրեն ամենեւին էլ ծիծաղելի վիճակում չի համարում, ինչպես Տիգրան Խզմալյանն է կարծում: Ընդհակառակը, Շարմազանովի ձեւակերպմամբ, իրեն զգում է շատ նորմալ, շատ լավ եւ հաղթական, իսկ մայիսի 6-ին էլ տոնելու է իր հաղթանակը: ՀՀԿ խոսնակը նաեւ ընդգծեց, որ Նարինե Միրզոյանին ընդգրկելով կուսակցության համամասնական ցուցակում, առաջնորդվել են ո՛չ այն հանգամանքով, որ նա Տիգրան Խզմալյանի կինն է: Ավելին, ՀՀԿ ցուցակում են բացառապես այն մարդիկ, որոնք, ըստ Շարմազանովի, պաշտպանում են կուսակցության վարած քաղաքականությունն ու պատրաստ են այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել: Սա` ի հեճուկս կինոռեժիսորի հայտարարությունների, թե միգուցե կնոջը ՀՀԿ ցուցակում ընդգրկելն իր դեմ է: 
«Մենք չենք ընդգրկել, որովհետեւ նա Խզմալյանի կինն է: Մենք ընդգրկել ենք կոնկրետ անուն-ազգանունով մարդու: Մենք երբ որ ընդգրկում ենք ցուցակում, հաշվի ենք առնում մարդու անցած ուղին, ճանապարհը, նրա պրոֆեսիոնալ հատկանիշները, նրա քաղաքական կողմնորոշումը, այլ ոչ թե` նա ում եղբայրն է, կինն է կամ եղբոր որդին: Հաստատ ինքը որպես Խզմալյանի կին չի ընդգրկվել մեր ցուցակում, ընդգրկվել է որպես մարդ, որը Հանրապետական կուսակցության քաղաքականության պաշտպանն է եւ պատրաստ է Հանրապետականի հետ ճանապարհ անցնելու: Բոլոր 253 մարդիկ»,- վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:
Նշեմ, որ ժամանակին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Նարինե Միրզոյանի թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը փոխանցեց, որ դիմումին կից ներկայացվել է նաեւ Նարինե Միրզոյանի հայտարարությունը` պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին, ինչպես նաեւ վերջին հինգ տարում մշտապես ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք: Այնպես որ, որքան էլ Տիգրան Խզմալյանը փորձում է այլ տպավորություն ստեղծել, նրա կնոջ` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու հարցում որեւէ անակնկալ իրենց համար չէր կարող լինել: Հավելեմ, որ ինչպես տեղեկացա ԿԸՀ մամուլի քարտուղարից` Նարինե Միրզոյանը երեկ երեկոյան դրությամբ ինքնաբացարկի դիմում չէր ներկայացրել:

Комментариев нет: