Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

02.04.2012

Հաղորդում դատախազության համար

Լուսանկարում դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Պատվո մեդալով է պարգեւատրում Երեւան համայնքի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն 1» համատիրության նախագահ-կառավարիչ Սուրեն Ներսիսյանին` ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում էական նպաստ բերելու համար։ Նկատենք, որ Սուրեն Ներսիսյանը միաժամանակ հանդիսանում է Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ։

Ինչու է այս մարդն արժանացել մեր ուշադրությանը` փորձենք բացատրել ստորեւ։
Ընդամենը  15-20 օր առաջ Կենտրոն համայնքն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում գտնվող Սարյան 40 բնակարան 20 հասցեի վրա գրանցվել է երեք մարդ` Աիդա Ավագյանը, Գագիկ Հովհաննիսյանը եւ Միսակ Հարությունյանը։ Սարյան 40 բնակարան 21-ում էլ գրանցվել է Սամվել Պապոյանը։ Բանն այն է, որ այս տարածքում հասցեների վրա մարդիկ գրանցելու այլեւս «ծակված» տեխնոլոգիան կոորդինացնում է, ժողովրդի լեզվով ասած` ժեկի պետ Սուրիկ Ներսիսյանը։ Վերջինս կուռ համագործակցում է թիվ 9-ում առաջադրված ՀՀԿ թեկնածու Ռուբեն Սադոյանի թաղապետ եղբոր` Արա Սադոյանի հետ։ Նրանց համագործակցությունը հետեւյալն է. Սուրիկ Ներսիսյանը տալիս է այն հասցեները, որտեղ հնարավորություն կա մարդիկ գրանցելու, իսկ Արա Սադոյանը հանձնարարում է թաղապետարանի տարբեր բաժինների աշխատակիցներին մարդիկ բերել եւ գրանցել այդ հասցեներում։
«ՉԻ» տեղեկություններով, Սուրիկ Ներսիսյանի կոորդինացմամբ աշխատում են մարդիկ, որոնց ձեռքի տակ այս պահին կան անձնագրեր, եւ այդ անձնագրերի տերերին պետք է «տեղավորել» համապատասխան հասցեներում։ Երեկ տեղեկացանք, որ գործընթացը ժամանակավոր դադարեցվել է, քանի որ ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժանմունքում հանձնաժողով է նստած այդ հարցով, որի անդամները ստուգում են հասցեներն ու դրանց վրա նոր գրանցված մարդկանց տվյալները։
 «ՉԻ»-ն շարունակաբար հենց այսպես` անուն առ անուն ներկայացնելու է այն բոլոր մարդկանց անուն-ազգանունները, որոնք այս համայնքում գրանցում են ստացել հաշված օրեր առաջ միայն։

Комментариев нет: