Նվազելով «աճում ենք»
Այսինքն, արտահանման տեմպերը ավելի արագ են աճում, քան` ներմուծման: Իրոք, 2011 թվականին, 2010-ի համեմատ, արտահանումը աճել է 27.7 տոկոսով, իսկ ներմուծումը` 10.7 տոկոսով: Դա պետք է նշանակեր, որ արտերկրներում մեր արտադրանքը ավելի մրցունակ է դարձել` ավելի էժան է ու որակով, քան այլ երկրներում արտադրված ապրանքները: Սա` միայն առաջին հայացքից: Իրականությունը, ցավոք, այլ է, եւ դրանում կարելի է համոզվել մեր արտաքին առեւտրի ցուցանիշների ավելի մանրամասն ուսումնասիրելով: Իսկ դրանից պարզ է դառնում, որ մի շարք այնպիսի ապրանքներ, որոնք կարող էին մրցունակ լինել արտաքին շուկաներում, օրեցօր կորցնում են իրենց գրավչությունը: Բերենք մի քանի օրինակ: 2010-ին Հայաստանից արտահանվել է 2.7 միլիոն հատ ձու, իսկ 2011-ին` այլեւս չի արտահանվել: 2010-ին արտահանված 898 տոննա լոլիկի դիմաց` 2011-ին արտահանվել է ընդամենը 113 տոննա: Նվազումը կազմում է 800 տոկոս: Անցած տարի Հայաստանից արտահանվել է հազար 75 տոննա կաղամբ, իսկ 2010-ին այդ ցուցանիշը հազար 924 տոննա էր: Նվազումը` 1.8 անգամ: 2010 թվականին արտահանվել էր 169 տոննա վարունգ, իսկ անցած տարի` ընդամենը 29 տոննա: Նվազումը` 5.8 անգամ: Սառեցված բանջարեղենի արտահանումը նվազել է 3.6 անգամ` 58 տոննայից հասնելով 16 տոննայի: Նվազել է նույնիսկ ոչխարների արտահանումը: Եթե 2010 թվականին արտահանվել էր 135 հազար գլուխ, ապա անցած տարի` 115 հազար գլուխ: Երեւի ոչխարներն էլ են վերջանում: Կարելի է երկար շարունակել այն ապրանքների թվարկումը, որոնց արտահանումը նվազել է:
Բայց ինչու առանձնացրինք հենց սրանք: Խնդիրն այն է, որ թվարկված ապրանքների արտադրությունը չի պահանջում չափազանց բարդ տեխնոլոգիաների կիրառում, չի պահանջում չափազանց մեծ ներդրումներ եւ բացառիկ ունակություններ: Այսինքն, թվարկված ապրանքների արտադրությամբ կարող է զբաղվել, պատկերավոր ասած, յուրաքանչյուր ոք: Պետք է պարզապես արտադրությունը հնարավորինս արդյունավետ լինի, ունենա ցածր ինքնարժեք եւ բարձր որակ: Եթե երկու տարի առաջ այդ ապրանքների արտահանման ծավալները ավելի մեծ էին, քան մեկ տարի առաջ, ապա մեր տնտեսությունը, տվյալ դեպքում` գյուղատնտեսությունը այդ մեկ տարվա ընթացքում կորցրել է նույնիսկ ամենապարզունակ ապրանքների արտադրության արդյունավետությունը: Իսկ մեզ հրամցված պաշտոնական տեղեկատվությունը, ասենք, գյուղմթերքների արտադրության երկնիշ ու եռանիշ աճերի մասին, ընդամենը հեքիաթներ են: Այս պնդումը ապացուցելու համար բերենք միայն մի օրինակ: Կարտոֆիլի արտահանումը 2011-ին, 2010-ի համեմատ, 4 հազար 380 տոննայից նվազել-հասել է 901 տոննայի: Ըստ պաշտոնական վիճակագրության` կարտոֆիլի արտադրությունը աճել է 15.6 տոկոսով եւ կազմել 557 հազար տոննա: Արտահանման նվազման եւ արտադրության աճին զուգահեռ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, աճել է նաեւ ներմուծումը` 1500 տոննայից հասնելով 9 հազար 500 տոննայի: Կատարելով պարզագույն թվաբանական գործողություններ` ստանում ենք, որ 2011-ին Հայաստանում, կոպիտ ասած, եղել է 87 հազար տոննա, կամ 18 տոկոսով ավելի կարտոֆիլ, քան 2010-ին: Ահա այստեղ կրկին հանգում ենք դասական տնտեսագիտության այն օրենքին, որ եթե ապրանքը շատանում է, ապա պետք է էժանանա: Բայց արի ու տես, որ 2011-ին, չնայած 18 տոկոս ավելացմանը, կարտոֆիլը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Այս աբսուրդը կարող է ունենալ միայն մի պատասխան` պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է կեղծ ցուցանիշներ: Եւ տվյալ դեպքում կարտոֆիլի արտադրության ծավալները իրականում ոչ թե աճել են, այլ` կտրուկ նվազել: Նույնը կատարվում է մեր տնտեսության մյուս ճյուղերի հետ: Եթե տնտեսությունը օր օրի կորցնում է իր մրցունակությունը եւ արտահանման ցուցանիշներն ապահովում է միայն ընդերքից հանված օգտակար հանածոների հաշվին, ապա մնում է միայն կեղծել ցուցանիշները: Հենց դա էլ անում են ՀՀ գործող իշխանությունները:
Комментариев нет:
Отправить комментарий