Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

22.02.2012

Էս ուր ենք գլորվում

«Խոշոր» մանրադրամներ


Հեղինակ՝ Արզօ
Այն, որ Հայաստանում տնտեսությունը օրեցօր կենտրոնանում է, թերեւս արդեն ակնհայտ է բոլորի համար: Աստիճանաբար մի քանի «խոշոր գործարարների» ձեռքին են կենտրոնանում թե՛ արտադրությունը, թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը եւ թե առեւտուրը:
Բայց, սրա հետ մեկտեղ, նվազում է այդ նույն «խոշոր գործարարների» կրած հարկային բեռը: Սրա մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի օրերս հրապարակած տեղեկանքի տվյալները: ՊԵԿ հրապարակած «2011 թվականի դեկտեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծություն» անվանումը կրող տեղեկանքի համաձայն, Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողները 2011-ի դեկտեմբերին վճարել են, ընդհանուր առմամբ, 17.9 միլիարդ դրամի հարկեր: Այսինքն, եթե միջինացնենք, ապա նրանցից յուրաքանչյուրը միջինում վճարել է 40 միլիոն 680 հազար դրամի հարկ: Շա՞տ է սա, թե քիչ: Այդ հարցի պատասխանը գտնելու համար նայենք, թե որքան են խոշոր հարկ վճարողները պետբյուջե մուծել 2010 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված էին 343 տնտեսվարողներ:
Եւ այդ 343-ը միասին վճարել էին 14.7 միլիարդ դրամ: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը միջինը վճարել էր 42.8 միլիոն դրամի հարկ: Այսինքն ստացվեց, որ յուրաքանչյուր խոշոր հարկ վճարող 2011 թվականի դեկտեմբերին միջինը 2.2 միլիոն դրամ պակաս հարկ է վճարել, քան 2010-ի դեկտեմբերին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ յուրաքանչյուր խոշոր հարկ վճարողի համար հարկային բեռը թեթեւացել է ավելի քան 5 տոկոսով: Բայց 2011 թվականի դեկտեմբերին, 2010-ի նույն ամսվա համեմատ, հավաքագրված հարկերի ծավալը աճել է ավելի քան 11 տոկոս: Հիմա համադրենք այս երկու պաշտոնական ցուցանիշները: Մի կողմից հարկերի հավաքագրումը մեծացել է 11 տոկոս, մյուս կողմից` մեկ խոշոր հարկատուի վճարած հարկերը նվազել են 5 տոկոսով: Եւ ուրեմն ստացվեց, որ մեկ միջին վիճակագրական խոշոր հարկ վճարողը ավելի քիչ հարկեր է վճարել, իսկ հարկային ընդհանուր հավաքագրումների մակարդակը աճել է ի հաշիվ ավելի փոքր հարկ վճարողների: Եթե այս փաստին համադրենք տնտեսության շարունակական կենտրոնացումը, ապա պատկերը կդառնա պարզ ու հասկանալի. մի քանի «խոշոր գործարարներ» իրենցով են անում ամբողջ տնտեսությունը ու սկսում ավելի քիչ հարկեր վճարել: Իսկ պետական բյուջեն լցնում է տնտեսության այն հատվածը, որը դեռ չի դարձել այդ նույն «խոշոր գործարարների» բիզնեսի մի մասը: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ ստվերի խորացումը Հայաստանում արդեն կրում է պետական մակարդակով իրականացվող ծրագրի կարգավիճակ: Ի դեպ` ստվերի մասին: ՊԵԿ տեղեկանքում կարդում ենք հետեւյալ տողերը. «Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա դեկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 6.5 %-ով»:
Պատկերացնո՞ւմ եք, նշված խոշոր հարկ վճարողները 2011 թվականի դեկտեմբերին ավելի քիչ ծավալներով ներմուծումներ են արել: Եւ դա դեկտեմբերին` ամանորից առաջ: Տեսնես, նույն այդ ՊԵԿ-ը հավատո՞ւմ է իր ներկայացրած վիճակագրությանը: Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի դեկտեմբերին ներմուծման ընդհանուր ծավալները 2010 թվականի համեմատ նվազել են 3.2 տոկոսով: Իսկ խոշոր հարկ վճարողների ներմուծումների ծավալները, ինչպես նշեցինք, նվազել են 6.5 տոկոսով: Ուրեմն ի՞նչ, այս Նոր տարին ազգս ավելի խե՞ղճ է նշել, ավելի քիչ ներմուծվող մթերք ու այլ ապրանքնե՞ր է օգտագործել: Եթե այդպես է, ապա երկրի տնտեսական աճի մասին պնդումները սուտ են: Եթե այդպես չէ, ապա ներմուծման ծավալները աճել են, բայց մաքսայինը դա չի արձանագրել ու ներմուծված ապրանքների մի մասը չի մաքսազերծել: Ընդ որում, չի մաքսազերծել հենց խոշոր հարկ վճարողների ներմուծած ապրանքները: Սա ստվերը խորացնելու ուղղությամբ իրականացվող վերը նշված պետական ծրագրի եւս մի ապացույց է: Մնում է սպասել ու տեսնել, թե ուր է գլորվում մեր տնտեսությունը:

Комментариев нет: