Տիգրան Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը փետրվարի 16-ին գլխավորում էին Վարդանանց տոնին նվիրված երթը, որ կազմակերպել էին երիտասարդ Հանրապետականները, ՀՀԿ անմռունչ մարտիկ Կարեն Ավագյանի գլխավորությամբ, որը, ինչպես հայտնի է, նույնպես մարդ է, ինչպիսին լինել որ հորդորում էր բոլոր նրանց, ովքեր քննադատում էին բանակում առկա արատավոր բարքերը:
Բայց, խնդրո առարկան իհարկե Կարեն Ավագյանը չէ, այլ նրա այսպես ասած առավել ավագ՝ բառի բուն կամ պատկերավոր իմաստով, կուսակիցները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հետաքրքիր է, թե ինչ էին նրանք մտածում, քայլելով Վարդանանց տոնի երթով:
Թեեւ, կասկած չկա իհարկե, որ նրանք մտածում էին ժողովրդի մասին, եւ համարում, որ եթե իրենք մի քանի կիլոմետր քայլեն Երեւանի փողոցներով եւ Սուրբ Զորավոր եկեղեցուց հասնեն Վարդան Մամիկոնյանի արձան, ապա իրենց ոտքերի դիպած տեղերում ձմեռը արագորեն տեղը զիջելու էր գարնանը, եւ ժողովրդի այն մասը, ում հիշատակել էր նաեւ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում՝ որ չունեն բնակարան տաքացնելու հնարավորություն, կարող էր հետո գալ իրենց անցած տեղերում տաքանալու:
Թեեւ, կասկած չկա իհարկե, որ նրանք մտածում էին ժողովրդի մասին, եւ համարում, որ եթե իրենք մի քանի կիլոմետր քայլեն Երեւանի փողոցներով եւ Սուրբ Զորավոր եկեղեցուց հասնեն Վարդան Մամիկոնյանի արձան, ապա իրենց ոտքերի դիպած տեղերում ձմեռը արագորեն տեղը զիջելու էր գարնանը, եւ ժողովրդի այն մասը, ում հիշատակել էր նաեւ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում՝ որ չունեն բնակարան տաքացնելու հնարավորություն, կարող էր հետո գալ իրենց անցած տեղերում տաքանալու:
Բայց, լավ կլիներ, որ ժողովրդի մասին մտածելու փոխարեն, ՀՀԿ-ական այդ երեւելի այրերը մտածեին այն մասին, թե իրենց մասին ինչ է մտածում ժողովուրդը:
Մյուս կողմից, նրանք երեւի թե դա լավ էլ գիտեն, դրա համար ոչ թե ժողովրդի առաջից են քայլում, այլ երիտասարդ հանրապետականների: Կհարցնեք՝ իսկ ինչով է տարբերվում ժողովուրդը երիտասարդ հանրապետականից: Օրինակ նրանով, որ երիտասարդ հանրապետականը Երեւանի փողոցներում քայլում է հարազատ կուսակցության հաշվին, իսկ ժողովուրդը Երեւանի սառցապատ եւ ձյունապատ փողոցներով իր նյարդերի հաշվին է քայլում, որովհետեւ երիտասարդ հանրապետականների կուսակցական երեւելի հայրերը փոխանակ իրենց պաշտոնական պարտականությունների լիարժեք կատարմամբ զբաղվելու, աշխատանքային ժամին դուրս են գալիս Երեւանի փողոցներ եւ Վարդանանց տոնի տակ քայլում:
Օրինակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարող էր գոնե մի անգամ դուրս գալ եւ գնալ Մաշտոցի պողոտայի այգի, որտեղ արդեն մի քանի օր է ինչ բնապահպան ակտիվիստները փորձում են այգին պաշտպանել Աբովյան փողոցի մայթերից ապամոնտաժված խանութների տեղադրումից:
Միգուցե ճիշտ կլիներ, որ քաղաքապետն այդ մարդկանց հետ հանդիպեր հենց դեպքի վայրում, ոչ թե իր աշխատասենյակում: Բայց Տարոն Մարգարյանը Մաշտոցի այգի չգնաց, որովհետեւ այնտեղ ոչ թե ՀՀԿ-ական միջոցառում էր, այլ բնապահպանական եւ քաղաքաշինական պահանջ-ակցիա: Մինչդեռ այնքան էլ հաճելի չէ, երբ ոչ թե թիկունքումդ ՀՀԿ-ական դրոշներ են եւ բոցաշունչ վանկարկումներ, այլ դիմացդ բռունցքներ են եւ քաղաքացիական հայացքներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում է բարեփոխումների, գիտելիքի, ինտելեկտի, մարդու իրավունքների, ստեղծագործական ազատության միջավայրի ձեւավորման մասին, հասարակության կարծիքը հաշվի առնելու մասին: Տեսնես նա գիտե՞ր, որ երիտհանրապետական երթից մի քանի մետր այն կողմ, այլ երիտաարդներ ապրում են ոչ թե Վարդան Մամիկոնյանի հուշով, այլ Երեւանի ներկայով ու ապագայով: Տեսնես եթե իմանար, Տիգրան Սարգսյանը, ի տարբերություն ասենք Տարոն Մարգարյանի, կգնա՞ր այդ երիտասարդների մոտ, կլսե՞ր նրանց, կփորձեր նրանց հետ քննարկել Երեւանի ներկայի ու ապագայի հարցերը, թե կնախընտրեր մնալ Կարեն Ավագյանի կողքին, մեծարվել անչափ, ու ապրելով Վարդան Մամիկոնյանի հուշով, մի քիչ էլ Մամիկոնյան զգալ ինքզինքը երիտասարդ կուսակցականների առաջ:
Երեւի չէր գնա, կմնար Ավագյանի կողքին, որովհետեւ այնտեղ ավագությունը բավական հեշտ են ճանաչում, առանց ավելորդ պահանջների եւ հարցադրումների: Եթե Տիգրան Սարգսյանը գնալու լիներ, ապա գնացած կլիներ վաղուց, որովհետեւ ժամանակակից աշխարհին լավ տիրապետող վարչապետն անկասկած տիրապետում է տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ պետք է որ տեղեկացված լիներ մի քանի մետր այն կողմ իրականացվող ակցիայի մասին:
Մինչդեռ Վարդանանց տոնի երիտհանրապետական երթով քայլելը շատ ավելի նախընտրելի է նրանց համար: Վարդանը սուրբ է հռչակված, իսկ ով իրենց բան ասի Վարդանին հիշելու եւ նրա անունից քայլելու համար, ուրեմն սրբին է բան ասում: Արժե թերեւս, որ ՀՀԿ-ն նախընտրական իր պարտիայում կիրառի «սրբի գամբիտ» տարբերակն ու նույնիսկ «ձիով քայլ» անի, ոչ միայն ի պատասխան հասարակությանը, այլ նաեւ ի պատասխան ԲՀԿ-ի: Եթե ԲՀԿ-ն Օսկանյան Վարդանին է ընդունում կուսակցական ցուցակ ու երկրորդ տեղը տալիս, ապա ՀՀԿ-ն էլ թող ցուցակ վերցնի Մամիկոնյան Վարդանին՝ ընդ որում որպես առաջին համար: Այդքանից հետո ով ռիսկ կանի չընտրել սրբին եւ դասվել սրբապիղծների շարքը:
Комментариев нет:
Отправить комментарий