Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

02.02.2012

Մանրադրամի զնգոցը



Անհատ ձեռներեցություն


Եթե կարճ ձեւակերպելու լինենք ազգային մեր նպատակը, կարող ենք ասել՝ ուժեղ պետություն։ Սա իմ կարծիքն է։ Ինչպես յուրաքանչյուր կարծիք, իմն էլ հիմնված է որոշակի հաշվարկների վրա։
Այսինքն՝ երբ ասում եմ, թե ազգային մեր նպատակը պետք է լինի ուժեղ պետությունը, նկատի ունեմ մի գործիք, որով հնարավոր կլինի լուծել բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ՝ ցեղասպանության ճանաչման հարցը։
Շատերը թե՛ Հայաստանում եւ թե՛ հատկապես Սփյուռքում ցեղասպանության ճանաչումը ազգային գերագույն նպատակ են համարում, բայց փորձը ցույց է տալիս, որ անցած քսան տարում մեծուփոքր ճանաչումներին զուգահեռ՝ մեր պետությունը չի ուժեղացել։ Ճանաչումները չեն խոչընդոտել պետության ուժեղացմանը, բայց, ինչպես տեսնում ենք, չեն էլ նպաստել։
Եւ սա ցույց է տալիս, որ երկու նպատակները՝ ուժեղ պետություն եւ ցեղասպանության ճանաչում, առանձին են եւ ոչ մի կապ չունեն իրար հետ։ Իսկ կապի այս բացակայությունը ցեղասպանության ճանաչման նշանակությունը նվազեցնելով իջեցնում է self employment-ի մակարդակի, ինչը մեզանում ընդունված է կոչել անհատ ձեռներեցություն։
Անհատ ձեռներեցությամբ կարելի է, օրինակ, կարկանդակ թխել ու վաճառել, փոքր քանակի կոշիկ ու հագուստ արտադրել, բայց, ասենք՝ ռազմավարական նշանակության ճանապարհ չես կառուցի կամ սեյսմակայուն շինարարության տեխնոլոգիաների մշակումներ չես անի։ Դրա համար պետություն է պետք, ինչն այս դեպքում նշանակում է ուժերի համախմբում։
Գերմանիայի (1969-74) կանցլեր Վիլի Բրանդտը 1970 թվականին Վարշավայում ծնկի եկավ հրեական գետտոյում տեղի ունեցած ապստամբության հերոսների եւ զոհերի հուշարձանի առջեւ։ Բրանդտը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի առաջին ղեկավարն էր, ով այցելեց Իսրայել եւ Յադ Վաշեմի հուշահամալիրում գերմաներեն բարձրաձայն կարդաց Դավթի 103-րդ Սաղմոսը. «Մենք մեղքեր եւ հանցանքներ ենք գործել։ Գթասիրտ Աստված, ներիր մեզ»։
Պատկերացնո՞ւմ եք նման բան Իսրայել պետության բացակայության պայմաններում։ Անկախության հռչակումից քսաներկու տարի անց հրեաները հյուրընկալում են ցեղասպան երկրի զղջացող ղեկավարին, եւ դա տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ գերմանացիներն իբր ավելի «ցիվիլ» ազգ են, այլ որովհետեւ Իսրայելն է ուժեղ պետություն։
Եթե Իսրայելը լիներ ճիշտ այնպիսի պետություն, ինչպիսին այսօրվա Հայաստանն է, դժվար թե տեղի ունենար գերմանացիների զղջումը։ Այդ զղջումն, իհարկե, առաջին հերթին գերմանացիներին էր անհրաժեշտ՝ ոճիրից ձերբազատվելու եւ որպես ազգ մաքրագործվելու համար, բայց նույնիսկ այս դեպքում դիմացը պետք է ուժ ունեցող մեկը լինի։ Եթե չլինի, զղջումդ ամեն օր ականջի հետեւ ես գցելու, մինչեւ հոգուդ վերքերը սպիանան, եւ խղճիդ վրա կոշտուկներ առաջանան՝ պատմության ու քաղաքականության հետ անդուլ շփումից։
Ստամբուլի հայ ծանոթներիցս մեկն, ում անունը չեմ տալիս նախապես իր հետ համաձայնեցրած չլինելու պատճառով, ասում էր, որ, ըստ ժամանակակիցներից մեկի հուշերի՝ 1926-ին երիտթուրքերի դեմ սկսած դատավարություններից հետո Քեմալ Աթաթուրքը մտադիր է եղել հայերի հետ կապված հարցերը փակելու նպատակով ինչ-որ կերպ ձեւակերպել Թուրքիայի զղջումը, բայց հետաձգել կամ ականջի հետեւ է գցել, որովհետեւ ինչպես մեր հեռախոսային օպերատորները կասեին՝ պահանջատերն անհասանելի է եղել։
Թող տարօրինակ չթվա, բայց ինձ երբեւէ չի հուզել ու հիմա էլ չի հուզում համամարդկային արժեքները քաղաքական կոնյունկտուրային ծառայեցնող գործիչների ջանքերով ճանաչվող մեր ցեղասպանությունը։ Ոչ այն պատճառով, որ դա բարոյական չէ, այլ որովհետեւ Թուրքիան նրանց՝ ճանաչողների առջեւ պատասխանատու չէ, որովհետեւ Թուրքիան նրանց կարող է շշպռել՝ հիշեցնելով պատմության այս կամ այն դիպվածը, որն ըստ իրենց՝ թուրքերի, նույնքան վիճելի է, որքան 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։
Ես երազում եմ Ծիծեռնակաբերդում ծնկի եկած տեսնել թուրք ամենաբարձր ղեկավարին։ Եւ դա ուզում եմ ոչ թե նրանց զղջումը, այլ զղջում պարտադրողի՝ մեր ուժը զգալու համար։ Իսկ զղջում պարտադրելու համար պետք է մտնել ուղիղ կապի մեջ։ Թուրքիան մեր ցեղասպանությունը կճանաչի եւ կզղջա դրա համար այն ժամանակ, երբ ցեղասպանության ճանաչման խնդրի մեջ կտեսնի Հայաստան պետության շահը։ Շահ, որն անտեսել չի լինի շահատիրոջ ուժի եւ ազդեցիկության պատճառով։
Իսկ քանի դեռ մենք անհատ ձեռներեցի մակարդակում ենք զբաղվում մեր պատմության ամենացավոտ հարցի արծարծմամբ, այս ու այն կողմից լսվելու է մանրադրամի զնգոցը, քանզի անհատ ձեռներեցն իր եկամուտը մանրադրամով է հաշվում։

Комментариев нет: