Ժամանակ առ ժամանակ համացանցում հայտնվում են հրապարակումներ, որոնցում արտերկրում ապրող մեր հայրենակիցները բողոքում են ՀՀ դեսպանատների աշխատանքից և ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվող ստորացուցիչ վերաբերմունքից։ Այսօր էլ ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին բողոքի բաց նամակ է հղել Գերմանիայում ապրող մեր հայրենակիցը՝ բողոքելով անձամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի պահվածքից։
«Ես՝ Ստելլա Սիմոնյանս, արդեն 14 տարի է ապրում եմ Գերմանիայում: Հայաստանից հեռացել եմ մեծ ցավով, կրել եմ մեծ զրկանքներ, միայնակ դաստիարակել եմ երկու երեխա: Ունենալով բարձրագույն կրթություն եւ մանկավարժի տասնամյա աշխատանքային փորձ, Գերմանիայում արդեն տասը տարի է աշխատում եմ ծերանոցում, կատարում ծանր, բայց բարի աշխատանք: Ամեն ինչ արել եմ, որ երեխաներս լավ ապագա ունենան, ստանան լավ կրթություն: Ջանք չեմ խնայել, որ սիրեն իրենց հայրենիքը, չմոռանան իրենց մայրենի լեզուն, օգնեն իրենց հարազատներին եւ ընդհանրապես օգնել սովորեն:
Որդիս ի տարբերություն շատ շատերի 19 տարեկանում ավարտեց դպրոցը եւ վերադարձավ Հայաստան, կատարեց իր պարտքը՝ երկու տարի ծառայեց հայկական բանակում ու վերադարձավ Գերմանիա: Այժմ ապրում է Իտալիայում: Դուստրս ուսանողուհի է, ուսանում է սլավոնական լեզուներ, ցանկանում էր իր պրակտիկան անցկացնել Հայաստանում: Ներողություն եմ խնդրում երկար նախաբանի համար:
Որդիս ի տարբերություն շատ շատերի 19 տարեկանում ավարտեց դպրոցը եւ վերադարձավ Հայաստան, կատարեց իր պարտքը՝ երկու տարի ծառայեց հայկական բանակում ու վերադարձավ Գերմանիա: Այժմ ապրում է Իտալիայում: Դուստրս ուսանողուհի է, ուսանում է սլավոնական լեզուներ, ցանկանում էր իր պրակտիկան անցկացնել Հայաստանում: Ներողություն եմ խնդրում երկար նախաբանի համար:
Շուրջ 10 օր է ամբողջ Եվրոպան տառապում է սարսափելի ցրտից: Բնության այս անոմալիային բոլորը փորձում են ընկալումով մոտենալ, բացառությամբ Գերմանիայում Հայասատանի դեսպանատնից: Երբ դուստրս զանգահարեց եւ խնդրեց, որ իր փաստաթղթերը փոստային ճանապարհով ուղարկի Բեռլին, դեսպանատնից պատասխանը եղավ՝ ՈՉ, ՄԻԱՅՆ ԱՆՁԱՄԲ:
Սակայն սա դեռ հարգալից վերաբերմունքի առաջին նոտան էր, աղջիկս ավելի զարհուրելի տեսարանի ականատեսը եղավ: Թեև դաժան ցրտերին, անցած շաբաթ, նա կեսգիշերին ընկերոջ հետ տանից դուրս եկավ, որպեսզի գնացքով առավոտյան 9.00-ին Բեռլին հասնեն: 9.20 ժամանել են Հայաստանի դեսպանատուն: Ժամը 9.50 հյուպատոսը և օգնականը, ընդունելության ժամից նույնիսկ 10 րոպե շուտ, բակում հավաքված, ցրտահարված ամբոխին ներս են թողել: Այցելուները միջանցքում տեղավորվել եւ սպասել են մինչեւ նրանց կընդունեն: Սակայն ջերմության այդ հաճույքը նրանց բախտ չի վիճակվել երկար ըմբոշխնել: Միջանցքում և սպասասրահում հավաքվածները լսել են բղավոցներ, մոտեցել է ոմն սափրագլուխ և բղավելով աշխատակցին ասել. «Սրանց սաղին ստեղից հան, էս ինչա»: Այցելուներից ոմանք ընկճված աղերսագին ձայնով խնդրել են. «Դրսում ցուրտա, ախր շատ ցուրտա»: Սակայն դաժան պաշտոնյան լինելով անսասան իր որոշման մեջ, քմահաճ հայացքով ցույց է տվել դեպի երկինք և պնդել, որ բոլորը դուրս գան:
Դիմադրելով բնության եւ ցավոք, մարդկանց դաժան վերաբերմունքին երկու ժամ դիմանալուց հետո, աղջկաս գերմանացի ընկերն ասել է. «Սա ուղղակի անընդունելի վերաբերմունք է», թողել ու հեռացել են: Դրսում սպասելիս նրանք իմացել են, որ այդ բղավողը, ոչ ավել, ոչ պակաս, Գերմանիայում Հայաստանի դեսպանն է եղել:
Պարոն դեսպան, երբ առանց խղճի խայթի մարդկանց ուղղորդում եք դեպի դուրսը, ցուրտն ու առհամարանքը, չեք մտածում արդյոք, որ սպասողները ձեր դստեր, որդու, քրոջ կամ եղբոր նման մարդ են, ոչնչով ոչ ավել և ոչ պակաս: Ինչու եք կարծում, որ ձեր բախտանիվը այլ կերպ է պտտվել, դուք այնտեղ կանգնած յուրաքանչյուրից ավելի լավն եք: Վայր իջեք: Պարոն Մարտիրոսյան, հավատացեք՝ սովորական մահկանացու եք, ինչպես բոլորս:
Աղջիկս տուն եկավ եւ հեկեկալով պատմեց տեսածը, իսկ նրա գերմանացի փեսացուն վրդովված առաջարկում էր գրել գերմանական «Բիլդ» թերթին:
Բեռլինից վերադառնալուց հետո, երեք օր դուստրս անկողնային հիվանդ էր: Փորձել եմ զանգահարել Երևան՝ ԱԳՆ, ձայնս եւ ցասումս նրանց հասցնել: Նախարարության 544041 հեռախոսահամարից ինձ տվեցին ոմն Տիգրան Սարգսյանի ներքին հեռախոսահամարը, որին ես ոչ մի կերպ չկարողացա զանգահարել:
Ստիպված դիմելով Ձեզ՝ հարգելի պարոն Նախագահ, հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ, մի մոռացեք, որ մենք Ձեր քաղաքացիներն ենք, որ մեր ծանր եւ երբեմն էլ նսեմացնող աշխատանքի քրտինքը այս կամ այն կերպ կաթում է նաեւ հայոց հողի վրա և սնում գոնե մեկ ընտանիքի:
Խնդրում եմ հասկացրեք պարոն դեսպանին, որ մենք օտար չենք, որ իր անմիջական պարտականություններից մեկն էլ` նույնիսկ չուզելով մեզ տեսնելն է և մեր շահերը պաշտպանելը:
Ներողություն եմ հայցում Ձեր բազմազբաղ օրն ու ժամանակը իմ վիրավորված սրտի կանչով շահարկելու համար»:
Комментариев нет:
Отправить комментарий