Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

10.02.2012

Ես գալիս եմ, որ արհամարհանքը վերացնեմ

 Երեկ Հրազդանի կենտրոնական հրապարակում քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի քաղաքային նախընտրական հանդիպումն էր: Բազմամարդ հրապարակում մեկուկես ժամ տեւած հանրահավաքը աչքի ընկավ բացառիկ ջերմությամբ: Ելույթ ունեցան ե՛ւ հրազդանցիներ, ե՛ւ հյուրեր Երեւանից` բանասիրության դոկտոր Վաչագան Գրիգորյան, բժիշկ Վահան Վարդապետյան, դերասան Աշոտ Ադամյան, «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյան: Միջոցառման կուլմինացիան, սակայն, Սասուն Միքայելյանի ելույթն էր, որ հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ: 

«Հարգելի հրազդանցիներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր ելույթ ունեցողներին եւ ներկաներին ոչ թե այն բանի համար, որ մասնակցում եք Սասուն Միքայելյանի ընտրարշավին, այլ նրա համար, որ դուք մտահոգ եք ձեր քաղաքի, ձեր երեխաների ապագայի,  մեր պետության ամրապնդման համար: Խոնարհվում եմ  ձեր գաղափարի առաջ. այսօր, ցավոք սրտի,  կարող է գալ մի օր,  որ այստեղ ներկաներիդ ազգային հերոսի կոչում տան, որ դուք եկել, այստեղ կանգնել եք: (Սասուն Միքայելյանն այստեղ դադար տվեց եւ դիմեց հանրահավաքի հարթակին դեմդիմաց գտնվող Կոտայքի մարզպետարանի եւ քաղաքապետարանի պատուհաններից ծիկրակողներին)` эй вы там, наверху…
Քիչ առաջ խոսվեց գործարանների տնօրեններից,  որ թույլ չեն տալիս մեզ  աշխատողների հետ հանդիպումներ ունենալ:  Մի քանի օր առաջ Արամ Դանիելյանի նախընտրական կլիպի  մեջ նայում եմ` ՋԷԿ-ի տնօրենը ասում է, որ Արամը խելոք տղա է: Արամ, խելոք տղա, ես քեզ հրավիրում եմ բանավեճի: ՋԷԿ-ի տնօրեն Մանուկյանն ասում էր, թե Արամը հասկանում է ցեխերից: Պարոն Մանուկյան, եթե Արամը նորմալ մասնագետ է, ցեխերից հասկանում է, ամսի 13-ին կուղարկեմ, կգա քեզ մոտ ցեխի վարիչ աշխատելու:

Այսօր բոլորս հավաքվել ենք քննություն տալու: Պատկերացրեք` եթե չլիներ Հրազդանում հաստատված այս մթնոլորտը, մեզ էլ բան չէր մնա անելու: Ես եկել եմ հենց այդ վախի մթնոլորտը հանեմ, ես եկել եմ վստահություն ներշնչեմ, ես եկել եմ ձեզ ասեմ, որ այս տարի լինելու է հավատի վերականգնման տարի: 12 տարի առաջ, երբ ես թողեցի քաղաքապետարանը, խոստացա, որ հետ եմ գալու: Իմացե՛ք, գալիս եմ մի քանի օրից:  Գալիս եմ ոչ թե քաղաքապետարանից վռնդելու էն մարդկանց, ովքեր, իրենց գաղափարին հավատարիմ մնալով, օրվա հաց են վաստակում, այլ Կավալի եւ Արամի պեսերին, որոնք 10 տարի ճնշում են իմ ժողովրդին: Էն ժողովրդին, որի համար կյանք եմ տվել, էն ժողովրդին, որի համար յոթ հազար տղա գլուխ դրին զոհասեղանին, էն ժողովրդին, որ ազատ ապրելու իրավունք ունի, էն ժողովրդին, որ 88-ից սկսած կարողացավ կռել մեր հաղթանակը, որ համախմբվածության արդյունքում կարողացավ հաղթանակ տանել, բայց դուք  եկել եք, իմ ազգին, իմ ժողովրդին մասնատել, որի իրավունքը  ընդհանրապես չունեք, դուք ոճրագործություն եք կատարում հայոց ազգի նկատմամբ: 

Քաղաքապետարանի հարգելի աշխատողներ, խոսակցություն է  պտտվում, որ Սասունն եկավ, էդտեղ` քաղաքապետարանում մարդ չի մնա, բոլորին  հեռացնելու է գործից: Ով մարդ չի, չի մնալու: Իսկ ով մարդ է, աշխատել է բարեխիղճ` Սասունը լուրեր տարածողների մակարդակին չի, որ նման քայլերի դիմի: Դուք ծառա  չեք, դուք աշխատող եք, որ  աշխատում եք ձեր  հանապազօրյա հացն եք վաստակում ձեր քրտինքով: Ձեզ Միքայելյան Սասունը ձեռք չի տա. աշխատելու եք: Միքայելյան Սասունը ժողովրդի ձայնով պիտի մտնի քաղաքապետարան: Ոչ թե ժողովրդին ծառայեցնի իրեն, այլ ինքը ծառայի էս խեղճ, անճար ժողովրդին: Ես բազմիցս ստացել եմ ձեր վստահության քվեն: Այստեղ հազարավոր մարդիկ են կանգնած, բարձրացեք ամբիոն, ասեք` Միքայելյան Սասուն, դու ստախոս ես, դու քո աշխատած տարիներին կաշառակեր ես եղել, դու թալանել ես, եթե նման բան եղել է:

Ժողովուրդ ջան, թե դուք, թե Աստված, ինձ ինչ փորձության ուղարկել եք, ես միշտ հաղթահարել  եմ այդ փորձությունները: Դա եղել է պատերազմ, դա եղել է իմ  քաղաքապետ եղած տարիներին, դա եղել է ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, դա եղել  է կալանավայրում, դա եղել է ԿԳԲ-ի նկուղներում: Բայց ես  երբեք չեմ հուսահատվել, հավատարիմ եմ մնացել իմ ժողովրդին, հավատարիմ եմ մնացել իմ գաղափարներին: Ես իմ քննությունը տվել եմ, գնահատականը դուք պիտի տաք փետրվարի 12-ին: Տրվելիք գնահատականի արդյունքը ձերն է: Ես խոստանում եմ, իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում ոչ մի կուսակցություն, ոչ մի հասարակական կազմակերպություն, ոչ մի անհատ այս քաղաքում, այս հրապարակում իր տեսակետները, ծրագրերը ժողովրդի հետ կիսելու պրոբլեմ չի ունենա: Ես որեւէ մեկին չեմ խոչընդոտի: Մարդիկ թող գան, իրենց ծրագրերը, տեսակետները ներկայացնեն, իմ ժողովուրդը խելացի է, ինքը կկողմնորոշվի` ում հավատա, ում` ոչ:  Երեւի դրանից են սարսափում, որ էսօր Կովալենկոն թուրը քաշել ընկել է  խեղճ ուսուցիչների ջանին, ասում է` կկոտորեմ, կջարդեմ: 

Ժողովուրդ, ես չեմ ուզում փետրվարի 12-ին շոու սարքեմ: Շոուն կգաք` վաղը կտեսնեք: Վաղը այստեղ, այս նույն հրապարակում Արամի «վերջին զանգն» ա: Գիտեք` երգիչներ են հրավիրել մասնակցելու, հրավառություն ա լինելու: Արամ ջան, ես էլ կգամ, կմասնակցեմ քո վերջին զանգին, քեզ հաջողություն կասեմ: 
Ես եկել եմ հավատով, իմ տարիների պայքարը ձեզ համար է եղել: 23 տարի ծառայում եմ ձեզ: Նորից եմ ասում, գնացեք ընտրության ձեր գաղափարով: Ոչ ոք թող չվախենա: Կարող ա բերեն տարբեր գույնի ոստիկանության աշխատողներ լցնեն: Եթե ընտրության օրը այստեղ տարբեր գույնի ոստիկաններ տեսնեք, չվախենաք: Ես գալիս եմ, որ  արհամարհանքը վերացնեմ էս քաղաքից, ես գալիս եմ ձեր իրավունքներին պաշտպան դառնամ, ես գալիս եմ հավատ ներշնչեմ ձեզ: Հավատացեք: Հաղթելու ենք»:
Հրազդանի քաղաքապետի քվեարկությունը փետրվարի 12-ին է: Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Սասուն Միքայելյանը հանդիպում է ունենալու Վանատուր թաղամասում, իսկ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը` Հրազդանի կենտրոնական հրապարակում:


Комментариев нет: