Բոլորիս կողմից սիրված «Ոսկե հորթը» ֆիլմի հերոս Օստապ Բենդերի «Ծերուկն անտանելի է դառնում» արտահայտությունը կրկնելու առիթ վերջերս հաճախ ենք ունենում։
Այդ հաճախականությունը պայմանավորված է մեր հայրենակից, աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի (այսուհետ՝ Ծերուկ) անկանխատեսելի վարքով։
Ծերուկն աջուձախ հարցազրույցներ է տալիս՝ իր հայրենի երկրի իշխանություններին անվանելով մաֆիոզ ու ցեղասպան։ Եւ չնայած «Արմենպրես» գործակալությունը (իսկ ինձ թվում էր՝ սա վաղուց չկա) փութանակի հերքում է երկրորդ պիտակն՝ ասելով, թե իբր նման բան չի ասվել, բայց դատելով առաջին՝ չհերքված հարցազրույցի բովանդակությունից, կարելի է ենթադրել, որ ծերուկն իսկապես անտանելի է դարձել։
Այսինքն՝ ասելուց հետո է հիշել (կամ ինչ-որ մեկը թախանձագին հիշեցրել է), որ ինքն աշխարհահռչակ եւ շանսոնյե լինելուց զատ՝ նաեւ
Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպանն է Շվեյցարիայում։
Հիմա բոլորը կենտրոնացել են Ծերուկի ասած բառերի վրա (վա՜յ, ցեղասպանություն)՝ ուշադրության չարժանացնելով, առաջին հայացքից՝ մանր մի դետալ։ Ինչո՞ւ է այս «դեզինֆորմացիան» դուրս պրծել հատկապես Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից։ Կարո՞ղ էր Ծերուկը նման մտքեր «չհայտնել», ասենք՝ իտալացի կամ հունգարացի, չին կամ ղպտի լրագրողներին եւ «ապատեղեկատվությունը» թողնել անպատիժ։
Եթե մեծ դժվարությամբ ընդունենք, որ սա ապատեղեկատվություն կամ խոսքի խեղաթյուրում է, ինչը ենթադրություն լինելուց կարող է դադարել միայն իրավական որոշակի ընթացք ստանալով, ինչո՞ւ է դա լրահոսում հայտնվում հենց Հռոմ-Անկարա բանավեճի ֆոնին։
Սերժ Սարգսյանը Հռոմից ասում է՝ Թուրքիան պետք է այնպիսի իշխանություն ունենա, որն ընդունակ կլինի Ծիծեռնակաբերդում գլուխ խոնարհելու, իսկ Անկարայից պատասխան է գալիս, թե քեզ նայիր, ժողովուրդդ կես է եղել, աշխատուժը փախչում է երկրից, մի մասն էլ, հրե՛ս, մեզ մոտ է բանում։
Մոսկվան գուցե ուզում է հանգստացնե՞լ Սերժ Սարգսյանին, ով հայ-թուրքական հարաբերություններում մեծ հաշվով հույսը դրել է Միացյալ Նահանգների վրա եւ սեփական ապագան կապում է հայ-թուրքական նոր մերձեցման վրա հույս դրած ամերիկացիների բարեհաճության հետ։ Գուցե ուզում է ասել իր ասելիքը, բայց կտրուկ ու շեշտակի չլինելու համար գործի է դնում մեր Ծերուկի հայրենասիրական բնազդները՝ նկատի ունենալով, որ դա չէր վնասի Սենատի օրակարգում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ներառած եւ դրան օրենքի ուժ տալու առանձնահատուկ մտադրություն չունեցող Ֆրանսիային։
Այսինքն՝ ռուսները Շառլ Ազնավուրի նման մարդու խոսքը խեղաթյուրել կարող են միայն մեկ դեպքում, եթե ցանկանում են Հայաստանին, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հասկացնել։ Շառլ Ազնավուրն էլ այս թյուրիմացությունը կարող է չներել միայն մեկ դեպքում, եթե հաստատ գիտի, որ նման բան չի ասել։
Ասել է, թե՝ չի ասել. առանձնապես կարեւոր չէ, որովհետեւ չասվածը երբեմն ասված հազար բառից էլ ճշմարիտ է։ Իսկ եթե դա ընդունվում է իբրեւ ստույգ գնահատական, կասկածի տեղ ընդհանրապես չի մնում։
Ազնավուրի (ասած կամ չասած) խոսքի ճշմարտացիության ամենահավաստի ինդիկատորը մեր տեղական մտավորականների արձագանքն է։ Տեսեք՝ ի՞նչ են ասում։ Ասում են՝ շանսոնյեն չափազանցել է։ Այսինքն՝ որ ասել է Հայաստանում ցեղասպանություն է տեղի ունենում, չափն անցել է։ Այսինքն՝ հա, հասկանում ենք, լավ չի, վատ է վիճակը, բայց ցեղասպանությունս ո՞րն է, ի՞նչ ցեղասպանություն։
Շուրջ վեց տասնամյակ կլինի, ինչ հայերն ամբողջ աշխարհում փորձում են ճանաչել տալ Օսմանյան կայսրությունում մեր դեմ կատարված ոճրագործության «ցեղասպանություն» որակումը, եւ արդեն վեց տասնամյակ (չհաշված ճանաչման կարեւոր ու անկարեւոր դեպքերը) մեզ ասում են նույնն, ինչ երեկ Շառլ Ազնավուրի հարցազրույցի առիթով ասել է, օրինակ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։
100 տոկոսով կարելի է պնդել, որ ոչ մի երկրի, ոչ մի նահանգի, ոչ մի քաղաքի խորհրդարան կամ այլ մարմին հայերի դեմ դուռը չի փակել՝ ասելով՝ գնացեք ձեր բանին, Օսմանյան կայսրությունում նախորդ դարի սկզբին ոչինչ էլ չի եղել։ Ասել են` գիտեք, «ցեղասպանություն» որակումը չափազանցված է։
Նույնն են ասում նաեւ թուրքերը։ Թուրքերը չեն ասում, չէ՞, ոչինչ էլ չի եղել, քաղցր-քաղցր իրար հետ ապրել ենք։ Թուրքերն ասում են՝ պատերազմ է եղել, խժդժություններ են եղել, ոնց որ մեր ջահելները կասեին՝ խառը մոմենտ ա էղել, մարդիկ են զոհվել կամ հեռացել իրենց բնօրրանից։ Իսկ ցեղասպանություն, ասում են՝ չի եղել։ Այսինքն՝ չափազանցված են համարում մեր ցեղասպանությունը:
Տիգարան Պասկևիչյան

Комментариев нет:
Отправить комментарий