Ես «գրանտ» կերած չկամ, նույնիսկ կողքից համտեսած չկամ: Ինքս ջանք չեմ թափել, որ ուտեմ: Գուցե փորձեի, ու ստացվե՞ր:
Էլ չասեմ` եթե առաջարկեին, դժվար թե ասեի` ախորժակ չունեմ, դենը տար: Իհարկե` նայած «գրանտ»: Մեր մեջ ասած` գրանտ էլ կա, գրանտ էլ: Գրանտ կա, որ միայն ուտելու համար է, գրանտ էլ կա` ուտվելուց առաջ եւ հետո ասում է` մեր պայմանը պայման է, գործ արա, որ բկիդ չկանգնեմ:
Կամ եթե նույնիսկ չի էլ ասում, ու եթե ոչինչ չանես, միայն ուտես` բկիդ չի կանգնի, միեւնույն է` այդ «գրանտակեր» կազմակերպության ներկայացուցիչներն են այլ խմորից հունցված` սովոր չեն հացկատակության, այդ «գրանտ» կոչվածին հասել են իրոք գործ անելու համար: Ու անում են:
Աստված գիտի, թե Հայաստանում գրանտով իր գլուխը պահող քանի հասարակական կազմակերպություն կա:
Շատ-շատ են: Ու ինչ են անում այդ շատ-շատ կազմակերպություններից շատերը, ինչ համ ունի իրենց «գրանտը»` աղի է, կծու, թե անալի, գիտեն միայն իրենք` ուտողները: Մատների վրա կարելի է հաշվել այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի հասարակությունը գիտի, տեղյակ է նրանց գործունեությանը, տեսնում է, որ ձրի ուտող, ղրաղ ման եկող չեն: Բայց արի ու տես` մեր երկրի փառապանծ իշխանությանն ու նրանց պնակալեզ հեռուստաընկերությունների «հայրենասեր» լրագրողներին հենց նրանց «գրանտակերությունն» է դատապարտելի թվում, ում գործունեությունը ՀՀ քաղաքացիների աչքի առաջ է, ում ծավալած պայքարը խաթարում է իրենց տերերի ճենճահոտ մրափը:
Բայց չարժի զարմանալ կամ զայրանալ: Այս մարդիկ ինչ տեսել են, դա էլ բնական ու օրինաչափ են համարում: Ամեն օր տեսնում են, թե ինչպես են Հայաստանի ավազակապետերը թալանում սեփական ժողովրդին, ինչպես են լափում ՀՀ քաղաքացու վաստակը եւ օրեցօր ավելի ու ավելի լկտիանում, ու մեկ էլ հանկարծ` ինչ-որ մարդիկ գրանտ են ստանում ու դրա հաշվին ոչ թե իրենք էլ են լկտիանում ու հղփանում, այլ պայքարում են լկտիացողների ու հղփացողների դեմ: Դե, ո՞նց չկտրես նմանների «քոքը», ո՞նց ցեխաջուր չլցնես նմանների վրա, ո՞նց չասես` այլ երկրի գործակալներ են: Չասես` բա որ հանկարծ տերերդ քե՞զ լափից զրկեն:
Իսկ ի՞նչ են պահանջում մատների վրա հաշվվող այդ մի քանի «գրանտակեր» կազմակերպությունները, որն այսպես հունից հանել է «հայրենասեր» լրագրողներին: Ասում են` Հայոց բանակում մի՛ սպանեք, մի՛ հոշոտեք, մի՛ խոշտանգեք հայ զինվորին: Ասում են` պատժեք մարդասպաններին, մի՛ հովանավորեք այդ տականքներին, սպանությունների մեղքը մի՛ բարդեք այլ անպաշտպան զինվորների ուսերին ու ձեր կերկոխ եղած սպաներին մի՛ թաքցրեք արդար պատժից: Ասում են` եթե նույնիսկ մի զինվոր սպանել է մի այլ զինվորի, այդ ամենաթողության համար մեղավորը հրամանատարն է, ու առաջին հերթին հենց նա պետք է պատժվի: Ասում են` բավական է, էլ չասեք` զինվորն ինքնասպան է եղել, ոչ ոք ձեզ չի հավատում: Եւ եթե նույնիսկ ինքնասպան է եղել, կրկին մեղավորը հրամանատարն է, քանի որ իր զորամասում այնքան անմարդկային պայմաններ են տիրում, որ 18-20-ամյա պատանին մահը գերադասում է կյանքից... Այն կյանքից, որը դեռ նոր-նոր պետք է ապրի: Ասում են` եթե չեք կարողանում մի բուռ բանակում կարգուկանոն հաստատել, հրաժարական տվեք: Ու եթե մի կաթիլ խիղճ ունենայիք, գաղափար ունենայիք գոնե մի քիչ, թե ինչ է նշանակում «սպայի պատիվ», վաղուց հրաժարական տված կլինեիք` չսպասելով որեւէ մեկի պահանջին, ոչ թե ինչ-որ օրապակասների կուղարկեիք, որ սգավոր մայրերի վրա մատ թափահարեն ու բխկալով հայրենասիրության դասեր տան:
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայոց բանակում` անվերջանալի թվացող մղձավանջային երազի է նման: Եւ ոչ երանի նրանց, ովքեր մի կտոր յուղոտ ոսկոր կրծելու համար թեւերը փռում են մեր զինվոր երեխաների դահիճների վրա ու աղբ շպրտում նրանց հասցեին, ովքեր ուզում են մեր բանակն իրոք բանակ դառնա, ոչ թե շարունակի սպանդանոց մնալ:
Հազա՛ր անգամ ոչ երանի: Կսկիծից կուչ եկած մայրերի մղկտոցը ուր չհասնի` չհասնի, Երկինք հասնելու է...
Լիզա Ճաղարյան

1 комментарий:
Հրաշալի է գրաված, ինչպես միշտ:
Отправить комментарий